Ադրբեջանական մանաթը շարունակում է արժեզրկվել
ECONOMICSՆոյեմբերի 8-ին տեղի է ունեցել Ադրբեջանի կենտրոնական բանկի եւ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի մասնակցությամբ հերթական փոխարժեքային աճուրդը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական marja.az լրատվական կայքը:
Ադրբեջանի կենտրոնական բանկի՝ marja.az-ին տված տեղեկության համաձայն` աճուրդում մեկ դոլարի մեկնարկային արժեքը սահմանվել է 1,6686 մանաթ եւ, աճելով, հասել է 1,6781 մանաթի:
Կենտրոնական բանկի հաղորդմամբ` նոյեմբերի 9-ին մանաթ-դոլար փոխարժեքը կկազմի 1,6781 մանաթ, այսինքն` նոյեմբերի 8-ի համեմատ դոլար-մանաթ փոխարժեքը կաճի 0,57 տոկոսով:
Կենտրոնական բանկի կողմից իրականացված վերջին արժութային աճուրդներում մանաթի էժանացումը խոսում է այն մասին, որ դոլարի պահանջարկը շարունակում է գերազանցել առաջարկին:
Մինչեւ տարեվերջ Ադրբեջանի կենտրոնական բանկը փորձելու է պահպանել ռեսուրսները, եւ միայն ծայրահեղ իրավիճակ ստեղծվելու դեպքում պահուստից բաց կթողնի 100-200 մլն դոլար, ինչը նշանակում է, որ արժութային աճուրդներում դոլարի պահանջարկը կրկին կշարունակի գերազանցել առաջարկին:
Այս ամենը, ըստ ադրբեջանցի փորձագետների, կբերի մինչև տարեվերջ մանաթի շարունակական անկման: