«Մանկական Եվրատեսիլ»-ում հեռուստադիտողն այս տարի չի քվեարկի (ֆոտոշարք)
PHOTO«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային հեղինակավոր մրցույթին այս տարի Հայաստանը կներկայացնեն Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը «Տարբեր» երգով: Ներկայացված տասնյակ երգերից Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ «Մանկական Եվրատեսիլ»-ի բեմում այս տարի կհնչի Նիկ Եգիբյանի եւ Ավետ Բարսեղյանի հեղինակած երգը:
Երգի հիմքում երկու պատանի երգչուհիների ոճային տարբերություններն են ու «պայքարը» դրա շուրջ: Երգում ներկայացվում է հակադիր պայքար, որը դառնում է հիմք հանուն ապագա միասնության. չէ՞ որ նրանց միավորում է երգը, ժպիտն ու սերը:
Մրցութային «Տարբեր» տեսահոլովակի ռեժիսորը Արամայիս Հայրապետյանն է: Տեսահոլովակը յութուբյան պաշտոնական ալիքում ունի շուրջ 130.000 դիտում:
Հանրային հեռուստաընկերությունը մրցույթի պաշտոնական հեռարձակողն է:
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը տեղեկացրեց, որ մրցույթի կանոններն են այս տարի փոխվել են:
Մրցույթին հնարավորություն ունեն մասնակցելու 9-14 տարեկան երեխաները՝ նախկինում 10-15-ի փոխարեն: Այս տարի հանվել է հեռուստադիտողի քվեարկությունը: Հաղթողը կորոշվի մասնակից երկրների պրոֆեսիոնալ եւ մանկական ժյուրիների կողմից, ինչպես նաեւ փորձագետների ժյուրիի քվեարկության արդյունքում, որի կազմում կլինեն 3 եվրոպացի հայտնի արվեստագետներ: Վերջնական փոփոխվել են նաեւ մրցույթի հեռարձակման ժամերը. եվրատեսիլյան երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու այն ոչ թե գիշերը, այլ երեկոյան:
Մրցույթին այս տարի կմասնակցեն 17 երկրներ՝ Ալբանիան, Հայաստանը, Ավստրալիան, Բելառուսը, Բուլղարիան, Կիպրոսը, Վրաստանը, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Մակեդոնիան, Մալթան, Նիդերլանդները, Լեհաստանը, Ռուսաստանը, Սերբիան, Ուկրաինան:
«Մանկական Եվրատեսիլ»-ն այս տարի կանցկացվի 14-րդ անգամ եւ կկայանա նոյեմբերի 20-ին Մալթայի մայրաքաղաք Վալետտայում, որը 2-րդ անգամ է հյուրընկալում մրցույթը: