Նոր սիթքոմը լինելու է գույներով լի, երիտասարդական, հետաքրքիր նախագիծ. «Դոմինո»-ն շուտով եթերում կլինի
LIFEԸնդամենը մի քանի օր հետո հեռուստաէկրաններին կհայտնվի եւս մեկ նոր սիթքոմ՝ կրկին նույն նպատակով՝ մեծացնել մարդկանց ծիծաղ պարգեւելու չափաբաժինն ու բարձր տրամադրություն փոխանցել նրանց: Նոր սիթքոմը կոչվում է «Դոմինո» եւ հեռարձակվելու է «Արեմենիա» հեռուստընկերությամբ: Life.panorama.am-ին սիթքոմի ռեժիսոր Հարութ Խալաֆյանը պատմել է «Դոմինո»-ի մանրամասների մասին.
«Նոր սիթքոմը լինելու է գույներով լի, երիտասարդական, հետաքրքիր նախագիծ, որի նպատակն է մարդկանց կտրել առօրյա հոգսերից եւ հաճելի, ուրախ զգացողություններ պարգեւել: Պետք է նկատեմ, որ սիթքոմի համար աշխատում է նույն «Տնփեսա»-ի անձնակազմը, իսկ սա նշանակում է, որ հավաքված թիմը ունի արդեն հաղթահարված փորձ, ովքեր ամեն բան կանեն, որպեսզի հեռուստադիտողին կրկին հաջողված նախագիծ ներկայացնեն»,- նշեց ռեժիսորը:

Նրա փոխանցմամբ` նոր սիթքոմի դերասանական կազմի հարցում բավականին կշռադատված են որոշում կայացրել. «Սիթքոմի հերոսներն են Սոս Ջանիբեկյանը, Աննա Գրիգորյանը, Նարեկ Բավեյանը, Ռիփփին, Լիկա Սալամանյանը, «Արմքոմեդի»-ի Մհերը, Գայանե Ավետիսյանը եւ այլք: Կարծում եմ, որ շատերը կհամաձայն են, որ նրանցից բոլորը սիրված եւ փորձառու են իրենց ոլորտներում: Ճիշտ է՝ նրանցից ոչ բոլորն են մասնագիտությամբ դերասաններ, բայց բոլորն էլ այսպես ասած «հեռոսւտատեսության մարդիկ են» եւ բավական փորձ ունեն այդ առումով: Մենք փորձել ենք մեր մտածած կերպարների համար ճիշտ դերասանների ընտրել, ովքեր անկախ մասնագիտությունից կհամապատասխանեն տվյալ կերպարներին»,-նշեց Հարութ Խալաֆյանը:
Խոսելով սցենարական լուծումներից՝ ռեժիսորը հավելեց. «Սցենարիստներն են Սարգիս Կալպակյանն ու Նարեկ Ավագյանը, ովքեր զբաղվում էին նաեւ «Տնփեսա»-ի սցենարով: Սիթքոմը լինելու է մանկության երեք ընկերների մասին, ովքեր ամեն մեկն աշխատանքի վայրում ունեն իրենց խնդիրները, որոնք կապված են հատկապես իրենց ղեկավարների հետ, արդյունքում նրանք որոշում են վարկով գումար վերցնել բանկից եւ սեփական բիզնեսը ստեղծել, դե իսկ մնացած զարգացումներին հեռուստադիտողը կծանոթանա սիթքոմի սերիաներից»:
«Դոմինո»-ի ռեժիսորը խոստացավ, որ հավաքված ողջ թիմը ջանք չի խնայի, որպեսզի նոր լիցքեր եւ նոր տրամադրություններ պարգեւի հեռուստադիտողին:



