Ֆրանսիան ժամանակավորապես աշխատանքից հեռացրել է Թուրքիայում իր պատվավոր հյուպատոսին
INTERNATIONAL NEWSՖրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը որոշել է ժամանակավորապես հեռացնել աշխատանքից Թուրքիայի Բոդրում քաղաքում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոս Ֆրանսուազ Օլսեին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը։
Ավելի վաղ France 2 հեռուստաընկերությունը ռեպորտաժ էր պատրաստել, որտեղ թաքնված տեսախցիկով նկարահանվել էր լրագրողի եւ պատվավոր հյուպատոսի հեռախոսազրույցը։
Կինը խոստովանել էր, որ ինքը Բոդրում քաղաքում ծովային հանգստի պարագաների խանութ է բացել, որը ապօրինի միգրանտներին փրկարար բաճկոններ եւ փչովի նավակներ էր վաճառում։
Օլսեն զրույցի ժամանակ բացահայտ հայտարարել էր, որ մասնակցում է միգրանտներին Հունաստան ուղարկելու գործին եւ պնդել էր, որ դրան մասնակցում են նաեւ Թուրքիայի իշխանությունները։
Հարցին, թե ինչու նա չի դադարեցնում այդ գործունեությունը, պատվավոր հյուպատոսը պատասխանել էր, որ այդ դեպքում փախստականներին նավակներ ու բաճկոններ կվաճառեն ուրիշ մարդիկ։
Նշենք, որ այս պաշտոնը Օլսեն զբաղեցնում էր 2014թ. հոկտեմբերից։



