Գուրգեն Դաբաղյանը Եղիշե Աղաջանյանի հետ հանդիպման մանրամասների և ժյուրիին հասցված վիրավորանքի մասին
LIFETert.am Life-ը գրում է.
Երգիչ Գուրգեն Դաբաղյանը երեկ հանդիպել է «Շանթ» հեռուստաընկերության «X-Factor» նախագծից հայտնի դարձած Եղիշե Աղաջանյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք երգչի ֆեյսբուքյան էջից, որտեղ նա լուսանկար է հրապարակել Եղիշեի հետ և մակագրել, որ, երբեմն, նա ժպտում է:
Tert.am Life-ը կապ հաստատեց երգիչ Գուրգեն Դաբաղյանի հետ և զրուցեց հանդիպման մանրամասներից:
Գուրգենի խոսքով՝ Եղիշեի ցանկությունն է եղել հանդիպել իր հետ:
«ֆեյսբուքի իմ էջին նա նամակ էր գրել, որ ցանկանում է հանդիպել ինձ հետ: Օգնականս փոխանցեց, իսկ ես ասացի՝ սիրով պատրաստ եմ, քանի որ նա շատ էր ցանկանում հանդիպել, և հաղորդման մեջ էլ ասում էր, որ սիրում է ինձ ու իմ երգերը: Պայմանավորվեցինք և երեկ հանդիպեցինք: Հանդիպման ժամանակ զրուցել ենք տարբեր թեմաներից, հիմնականում երաժշտությունից, երգեցողությունից և մի քանի խորհուրդներ եմ տվել նրան»,- պատմեց Գուրգենը:
Երգիչը Եղիշեի կատարումը դրական գնահատեց. «Եթե դիտարկենք, որ նա երաժշտական կրթություն չունի ու առաջին անգամ էր այդպիսի մեծ լսարանի համար երգում վատ չէր: Բայց, ընդհանուր առմամբ, շատ թերություններ կար»:
Հարցին, եթե դուք լինեիք ժյուրիի կազմում ինչպե՞ս կգնահատեիք, երգիչը պատասխանեց. «Երբ տեսանյութով եք նայում դա ուրիշ է, երբ ժյուրին հենց տաղավարում է լինում ուրիշ է: Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին: Բայց ինչ վերաբերվում է համացանցում տարածված լուրերի, որ ժյուրին ծաղրում էր, ապա կկրկնեմ այն, ինչ ասել եմ՝ դեմ եմ ծաղրին, բայց այդտեղ ծաղր չի եղել: Պետք չէր ժյուրիին հասցնել անձնական վիրավորանք»:
Համացանցում մեծ աղմուկ բարձրացրած տեսանյութում «X-Factor»-ի ժյուրիի կազմի չի հաջողվել ծիծաղեցնել Եղիշեին, իսկ Գուրգենին հաջողվել է, իսկ ինչպես է հաջողվել, նա պատասխանում է. «Իրականում, նա լուրջ կերպար է ու շատ քիչ է ժպտում: Երբ ժյուրին ասում էր՝ «լուրջ ես», դրա մեջ կա ճշմարտություն և իրեն ծիծաղեցնել շատ բարդ է: Բայց ինձ մոտ կարծես ստացվեց»:
Վերջում Գուրգենը նշեց, որ հնարավորության դեպքում նա կօգնի Եղիշեին. «Իրենց կողմից ցանկություն կա, բայց չգիտեմ ինչպես կլինի, իմ զբաղվածությունից է կապված»:
Մելինե Տոնոյան