Գյուլը Twitter-ում Էրդողանին ջնջել է իր ընկերների ցուցակից
INTERNATIONAL NEWSԹուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը դադարել է Twitter-ում հետեւել երկրի ներկայիս նախագահ եւ իր վաղեմի ընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրառումներին, ավելին՝ նա սոցցանցում իր ընկերների ցուցակից ջնջել է Էրդողանի անունը:
Այս մասին հայտնում է թուրքական «Ռադիկալ» թերթը:
Թուրքիայի նախկին նախագահ Գյուլը նաեւ հայտարարել է, որ չի մասնակցելու Կոնստանդնուպոլիսը թուրքերի կողմից նվաճելու տարեդարձի համար իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կազմակերպելիք ամենամյա արարողություններին:
Միջադեպը դարձել է սոցցանցի թուրք օգտատերերի զվարճանքի պատճառ: Օրինակ՝ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից պատգամավորի թեկնածու Էրեն Էրդեմը Twitter-ում գրել է. «Աբդուլլահ Գյուլը unfollow է արել Էրդողանին: Բյուլենթ Արինչից (փոխվարչապետ) էլ spam ենք սպասում»:
Էրդողանի եւ Գյուլի հարաբերությունները վերջինիս նախագահության ավարտից հետո լարվել էին` կառավարության կողմից տարվող ներքին եւ արտաքին քաղաքականության հարցերի շուրջ տարակարծությունների պատճառով, ինչի վկայությունն այն է, որ վերջերս նրանք միմյանց հասցեին տարբեր երկիմաստ հայտարարություններ են հնչեցնում:



