Պակիստանում հայրը խեղդել է 3 դուստրերին՝ ուսման համար փող չունենալու պատճառով (լուսանկարներ)
INTERNATIONAL NEWSՊակիստանցի Իրշադ Ահմեդ անունով մի տղամարդ խեղդամահ է արել սեփական դուտրերին` պատճառաբանելով, որ բավարար գումար չունի նրանց ուսման տալու համար:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, ամուսինը համոզել է կնոջը հրավիրված հարսանիքին գնալ իրենց միակ որդու ու 2-ամյա դստեր հետ` իր հետ տանը թողնելով 7 տարեկան զույգ աղջիկներին ու 5 տարեկան մյուս դստերը:
Սակայն տուն վերադառնալով` կինն ականատես է եղել սոսկալի տեսարանի. 3 աղջիկների անշնչացած մարմինները դրված են եղել ակնողնու վրա, իսկ ամուսինը տանը չի եղել:
«Նա (ամուսինը) միշտ համարել է, որ աղջիկներն անպիտան են ու նախկինում սպառնացել է սպանել նրանց: Նա ասում էր, որ չի ցանկանում գումար ծախսել դուստրերին մեծացնելու ու ուսման տալու վրա: Նրա խոսքերով, միակ հույսը որդին էր, իսկ 3 դստրերին հարկավոր է վերացնել, քանի դեռ նրանք չեն սկսել խնդիրներ ստեղծել»,-պատմել է կինն իրավապահներին:
Նա նաև հավելել է, որ իրավիճակն էլ ավելի է լարվել 4-րդ դստեր լույս աշխարհ գալուց հետո:
«Ամուսինս ասում էր, որ 4 աղջիկ ունենալով մենք բոլորս սովամահ կլինենք, քանի որ նրանց բոլորին ուսման տալն ու ամուսնացնելը մեծ ծախսերի հետ է կապված»,-վերհիշել է մայրը:
Աղբյուրը հավելում է, որ այժմ Ահմեդը հետախուզման մեջ է:






