«Սեր, ջազ, սատանա». Բեն Ավետիսյանն ու Մարիամ Ադամյանը` սիրային տրագիկոմեդիայի գլխավոր հերոսներ
PHOTOԵրեկ` դեկտեմբերի 5-ին, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում հանդիսատեսը վայելեց ռեժիսոր Կարո Նաղդալյանի «Սեր, ջազ, սատանա» տրագիկոմեդիան, որի գլխավոր դերերում հանդես են գալիս սերիալային սիրված դերասաններ Բեն Ավետիսյանն ու Մարիամ Ադամյանը:
Ներկայացումը ռեժիսորը տարիներ առաջ գրել է որպես դիպլոմային աշխատանք: Այն արդեն հասցրել են ներկայացնել նաեւ Կապանում:
Այս աշխատանքը մոլորված երիտասարդների մասին է, որոնցից յուրաքանչյուրը դեռեւս չի հասկացել, թե ինչն է կարեւորում կյանքում` սե՞րը, ընկերությո՞ւնը, թե՞այլ արժեքներ: Պատմության միակ դրական հերոսը, թերեւս, Բեատրիչեն է, որին մարմնավորում է Մարիամ Ադամյանը.
«Սկզբում ես չէի ցանկանում որեւէ ուսանողական ներկայացման մեջ խաղալ, ինչը պայմանավորված էր ժամանակի սղությամբ, բայց այս գործը դուրս եկավ: Այստեղ խաղացել եմ նաեւ երեք տարի առաջ, կրկին մարմնավորել եմ Բեատրիչեին: Խաղի առումով որոշ բաներ փոխվել են: Նախկինում աղջիկն ավելի մեղմ էր, այժմ փոքր-ինչ փոխվել է կերպարը, դարձել է ավելի վայրի, նույնիսկ բեմական հագուստն է այլ»,-ասում է Մարիամը:
Բենի կարծիքով` ներկայացումը հաջողված է: Դերասանը խոստովանում է` բացի աղջկանից` բոլոր հերոսները բացասական են, բայց ամենաբացասական գծերը հենց իր կերպարի` Անդրիուսի մեջ են ամփոփված: Սակայն «Երանիի» աստղը չի վախենում բացասական դերեր կերտելուց.
«Չեմ վախենում, որովհետեւ սա մեկ կամ երկու ժամ տեւողությամբ ներկայացում է ու առհասարակ ժողովրդի մոտ այդքան չեն տպավորվում դերասանների թատրոնի կերպարները»,-ասում է նա` ավելացնելով, որ իր յուրաքանչյուր կերպարի մեջ ինչ-որ բաներ ներդնում է նաեւ իրենից.
«Յուրաքանչյուր կերպարի մեջ կա մեր «ես»-ը: Երբեմն ներդնում եմ իմ խոսալեձեւը, շարժումները: Կարծում եմ` բոլոր դերասաններն էլ դիմում են այդ հնարքին»:
Ըստ Բենի` ներկայացման մեջ կարեւոր էր նաեւ շեշտել այն փաստը, որ երիտասարդները դեռ փոքրուց պետք է ստանան լավ դաստիարակություն.
«Հակառակ դեպքում կլինի այն, ինչ տեսաք բեմի վրա` գողություն, բռնություն, ծեծ, ջարդ…»,-ավելացրեց դերասանը:
Բացի Բենից եւ Մարիամից` ներկայացման մեջ խաղում են նաեւ դերասաններ` Վաչե Երիցյանը, Քրիստինա Կարապետյանը, Աղվան Ավետիսյանը, Կարապետ Քարաջյանը, Հարություն Հարությունյանը, Արթուր Ղալումյանն ու Գրիգոր Գրիգորյանը:
Տեղեկացնենք, որ ներկայացումը հնարավոր է շուտով բեմադրվի նաեւ Վանաձորում:
Տեսքտը եւ լուսանկարները` Սյունե Առաքելյանի
Աղբյուրը՝ NEWS.am STYLE