Life.panorama.am-ը գրում է.
Դիզայներ Դիանա Շատվերյանը Life.panorama.am-ի հետ զրույցում խոսել է այս ձմռան եւ հատկապես աքլորի տարին դիմավորելու համար թրենդային հագուստից:
«Շատ կարեւոր է, որ ձմռանը նորաձեւ հագուստը նաեւ հարմարավետ լինի, քանի որ մենք ուզում ենք գեղեցիկ լինել, բայց եւ չմրսել: Այս տարի շատ նորաձեւ են փուլերով կտորները, որոնք կարող են լինել բաճկոնի, տաբատի, բլուզի, վերնաշապիկի ու նաեւ աքսեսուարների տեսքով: Կոնկրետ ես իմ հավաքածույում փուլերն օգտագործել եմ օղերից մինչեւ հագուստ»:
Անդրադառնալով նորաձեւ համադրություններին` դիզայները մանրամասնեց.
«Ի դեպ` հատուկ նշեմ, որ փուլերը, փայլերը մուտք են գործել մեր առօրյա, ուստի սխալ է մտածել, թե դրանց հետ պետք է անպայման կրել բարձրակրունկներ: Նույնիսկ ճիշտ հակառակը` շատ ավելի նորաոճ է, երբ փայլերով, փուլերով հագուստը համադրվում է սպորտային ատրիբուտներով: Շատ նորաձեւ է, երբ գործվածքից վերնահագուստը համադրվում է մեղմ կտորներով կարված կիսաշրջազգեստի, զգեստի եւ տաբատներ հետ: Այդ տեսքով կարելի է ունենալ եւ գրավիչ տեսք, եւ չմրսել եւ շատ ազատ հյուր գնալ: Ամանորի գիշերը խորհուրդ կտամ չխուսափել փուլերից եւ հատակապես փուլերով տաբատներից, որոնք պարտադիր չէ լինեն դասական ոճի, ի դեպ` դեռ երկու տարի առաջ նման տաբատներ ընդգրկել էի իմ հավաքածույում: Փուլերը, փայլերն ու ծպկերը նորաձեւության հարթակին կլինեն մինչեւ 2018 թվականը, այնպես որ խորհուրդ կտամ կանանց իրենց զգեստապահարանները համալրել նման հագուստով»:
Խոսելով գունային բազմազանությունից` Դիանան նկատեց.
«Ինչ վերավերում է գույներին, նշեմ, որ ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի կարելի է կրել ցանկացած երանգի փուլերով հագուստ: Կարելի է գույների հարցում դիմել բնությանը` հետեւել, թե օրինակ աքլորն իր մեջ ինչ գույներ է ներառում, եւ ընտրել այդ գույների հագուստ, ընդ որում` կարելի է միաժամանակ համադրել այդ բոլոր գույները, միայն թե չափը չանցնել: Մասնավորապես շատ նորաձեւ են կանաչը, մոխրագույնը եւ կարմիրի երանգները»:
Իր հավաքածույում Դիանա Շատվերյանն արդեն աքլորի տարվա հետ կապված տարբերակ ունի, առջեւում էլ եւս մի քանիսով կհամալրի.
«Իմ ստեղծած հագուստի վրա աքլորիկը փուլերով է, որոնք ինչպես նշեցի շատ նորաձեւ են: Մոտ օրերս իմ հավաքածույում կհայտնվի նոր աքլորիկով տարբերակ, որոնց մասին փակագծեր դեռ չեմ բացի, միայն նշեմ, որ նմանատիպը մեզ մոտ դեռ շատ քիչ է հանդիպում, բայցեւ շատ հարմարավետ է: Ընդհանուր առմամբ կարող եմ նշել, որ աքլորի հետ կապված նորձեւ են նաեւ կրծքազարդերը»,- ավարտեց դիզայները: