Վտանգավոր հորդորներ. «Փաստ»
ECONOMICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Կառավարության հերթական նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին անդրադարձել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին և շեշտել, որ հանձնաժողովը պետք է Ամանորին ընդառաջ ուշադիր լինի՝ չհիմնավորված գնաճը բացառելու համար: Միաժամանակ վարչապետը նշել է, որ դա չպետք է բերի տնտեսվարողի նկատմամբ ավելորդ ուշադրության: Վարչապետ–Արտակ Շաբոյան հարաբերություններն այս հորդորների ֆոնին պետք է ասել, որ բավական հետաքրքիր նրբերանգներ են ձեռք բերում: Մինչ այս, մենք անդրադարձել էինք գարեջրի շուկայի վերաբերյալ վարչապետի հորդորին, որում Կարեն Կարապետյանը կոչ էր անում հանգիստ թողնել այդ շուկան՝ կապված «Երևան գարեջուր» ընկերությանը ՏՄՊՊՀ–ի տուգանելու որոշման հետ:
Ակնհայտորեն տպավորություն է ստեղծվում, որ վարչապետը դժգոհ է հանձնաժողովի աշխատանքներից և չի թաքցնում դա: Ավելի հետաքրքիր է այն փաստը, որ Արտակ Շաբոյանն իր հերթին լռելյայն կերպով համաձայնվում է վարչապետի հետ:
Այս առումով պետք է ասել, որ հանձնաժողովի աշխատանքներից անզեն աչքով էլ դժվար է գոհ լինել՝ նկատի ունենալով հայաստանյան տնտեսական դաշտում առկա բացասական երևույթները, և այս տեսանկյունից մինչ Կարեն Կարապետյանը նույնպես հանձնաժողովի աշխատանքներից դժգոհություն եղել է: Սակայն ավելի հետաքրքիր է այն, թե, ի վերջո, ինչպիսի զարգացումների կհանգեցնեն կառավարություն–ՏՄՊՊՀ ակնհայտ դարձող դիմակայությունը:
Անշուշտ, վարչապետն իր խոսքում շեշտում է, որ հանձնաժողովն անկախ մարմին է և իր իրավասությունների ներքո չէ ուղղորդել նրա գործունեությունը, սակայն եթե այս իրավիճակին գումարում ենք վարչապետի դժգոհությունը Արտակ Շաբոյանից և ՏՄՊՊՀ–ից, ապա կարող ենք ենթադրել, որ Կարեն Կարապետյանը փորձում է կամ հանձնաժողովի աշխատանքները տեղափոխել իր կամ իր կառավարության որդեգրած սկզբունքների ուղեծիր, կամ էլ պարզապես ազատվել Շաբոյանից որպես կադր:
Նման իրավիճակում դժվար է ասել, թե որ ելքն է առավել ընդունելի, քանի որ գործադիրի կողմից միջամտությունները որևէ անկախ հանձնաժողովի գործունեությանը իր մեջ ռիսկեր է պարունակում, մյուս կողմից, եթե այդ միջամտության արդյունքում բարձրանում է հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը, ապա պետք է որոշել այդ միջամտության սահմանը:
Սա ինքնին լուրջ խնդիր է ոչ միայն ՏՄՊՊՀ–ի, այլ ընդհանրապես անկախ հանձնաժողովների և գործադիրի հարաբերությունների տեսանկյունից, քանի որ այս դաշտում որոշակի դեպքերի կապակցությամբ հստակ խնդիրներ են առաջանում:
Սա նշանակում է, որ կամ անկախ հանձնաժողովները պետք է ունենան իրական անկախություն ոչ միայն կառավարությունից, այլև ընդհանրապես իշխանության բոլոր օղակներից, կամ պետք է հստակ կարգավորման մեխանիզմներ ներդրվեն հանձնաժողովի և պետական իշխանության տարբեր օղակների միջև: Հակառակ դեպքում մենք հայտնվում ենք մի իրավիճակում, երբ լուրջ և սկզբունքային հարցերի շուրջ առավել մեծ նշանակություն են ստանում տարատեսակ կոչերը, հորդորները և հայտարարությունները, որոնք, բնականաբար, գործընթացները տեղափոխում են ստվերային դաշտ և տարբեր ռիսկային իրավիճակներ ստեղծում հանձնաժողովների և իշխանության օղակների գործողություններում:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: