Հայաստանի բասկետբոլի հավաքականները դեկտեմբերի 10-ին կիմանան մրցակիցների անունները
SPORTՉեխիայի մայրաքաղաք Պրահայում դեկտեմբերի 10-ին տեղի կունենա բասկետբոլի Եվրոպայի 2017 թվականի առաջնությունների, ինչպես նաև ԱԱ 2019-ի ընտրական փուլի վիճակահանությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոպայի 2017 թվականի առաջնություններին Հայաստանը ներկայացնելու են միանգամից 5 տարիքային հավաքականներ: Իրենց մրցակիցներին կիմանան Հայաստանի տղամարդկանց մինչև 16 տարեկանների (C դիվիզիոն), մինչև 18 տարեկանների (C դիվիզիոն) և մինչև 20 տարեկանների (B դիվիզիոն) հավաքականները: Կանանց պայքարում Հայաստանը կներկայացնեն մինչև 16 և 18 տարեկանների ընտրանիները, որոնք հանդես են գալու C դիվիզիոնում: Իսկ ահա տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը հանդես է գալու ԱԱ2019-ի ընտրական փուլում:
Եվրոպայի առաջնությունները կայանալու են 2017 թվականի հուլիսին և օգոստոսին: Վիճակահանության ժամանակ հայտնի կդառնան նաև այն երկրների անունները, որոնք ընդունելու են առաջնությունները:
Վիճակահանությանը, որը սկսվելու է Երևանի ժամանակով 12:00-ին, Հայաստանից ներկա կլինի ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը: