Երկրորդ եթերաշրջանը բավական դրամատիկ է լինելու, նույնիսկ ավելի դրամատիկ, քան առաջինն էր. «Սահմանին»-ը վերադառնում է հեռուստաեթեր
PHOTOLife.panorama.am-ը զրուցել է «Սահմանին» հեռուստասերիալի սցենարի հեղինակ Հարություն Ղուկասյանի հետ` սերիալի երկրորդ եթերաշրջանի, դրա միջոցով ապրիլյան պատերազմին անդրադառնալու, նոր կերպարների և այլ մանրամասների մասին:
«Երկրորդ եթերաշրջանում հեռուստադիտողը հին հերոսների հետ միասին կտեսնի նաև նորերին: Նոր եթերաշրջանում անդրադարձ կլինի նաև քառօրյա պատերազմին: Սրա հետ կապված` փորձել ենք զինվորների ընդհանրական կերպարներ վերցնել, ովքեր կկարողանան շատ ճիշտ ներկայացնեն այդ օրերին վիրավորված, զոհված և կռված զինվորների կերպարները»,- նշեց սցենարի հեղինակը:
Խոսելով հեռուստասերիալի նոր եթերաշրջանի նկարահանումների մասին` Հարությունը տեղեկացրեց, որ դրանց մեկնարկը տրվել է բոլորովին վերջերս.
«Երևի թե սերիալը կցուցադրվի մյուս տարվա սկզբին, երբ արդեն մի քանի սերիա պատրաստ կլինի: Թե առաջին եթերաշրջանի, և թե երկրորդի դեպքում էլ բոլոր սերիաները նկարահանվում են ֆիլմի ձևաչափով: Ի սկզբանե մոտեցումը հենց այդպիսին է եղել թե «Շանթ» հեռուստաընկերության, թե սերիալի ռեժիսորի, թե ամբողջ ստեղծագործական խմբի կողմից»,- ընդգծեց Հարություն Ղուկասյանը:
Հարությունի խոսքով` իրենք շատ լուրջ են վերաբերում նկարահանումներին: Նրա փոխանցմամբ` «Սահմանին»-ի յուրաքանչյուր սերիա նկարահանվում է մոտ երկու շաբաթում:
Life.panorama.am-ի հետ զրույցում Հարությունը խոսեց նաև երկրորդ եթերաշրջանի սցենարական լուծումների մասին.
«Երկրորդ եթերաշրջանը բավական դրամատիկ է լինելու, նույնիսկ ավելի դրամատիկ, քան առաջինն էր, որովհետև ներկայացված են լինելու երիտասարդ տղաներ, ովքեր իրենց հայրենիքը պաշտպանելիս զոհվում են սահմանի վրա: Այս եթերաշրջանում կան հերոսական տարրեր, որոնց արդյունքում մարդիկ կհասկանան այն մարդկանց հոգեվիճակն ու զգացողությունները, ովքեր ապրիլյան պատերազմի օրերին սահմանում են եղել: Կցանկանամ անպայման նշել, որ երբ գրվում էր սցենարը, ամբողջովին ուսումնասիրվել է քառօրյա պատերազմի օրերին տեղի ունեցած իրադարձությունները, մեր կողմից կատարվել են մի շարք վերլուծություններ և այլն, այսինքն` ոչինչ հենց այնպես չի գրվել»,- պատմեց «Սահմանին» սերիալի սցենարի հեղինակ Հարություն Ղուկասյանը:
Վերջինս ավելացրեց նաև, որ սերիալում տեղի ունեցող դեպքերին տրված են գեղարվեստական լուծումներ, քանի որ իրենց կողմից միտում չի եղել սերիալում առկա տեսարաններն ամբողջովին նմանեցնել իրական իրադարձություններին: