Գոռ Հակոբյանը` «Իմ աղջիկ» երգի, «Ֆուլ Հաուս» շոուի եւ Ամանորը Մոսկվայում դիմավորելու մասին
PHOTOՄինչ երկրպագուները քննակում են «Ֆուլ Հաուս»-ի հերթական սերիան, սիրված սիթքոմի գլխավոր դերակատարներից մեկին` Ֆելոյին մարմնավորող Գոռ Հակոբյանը երաժշտասերներին շարունակում է ուրախացնել նորություններով:
Երեկ դերասան-երգիչը սոցիալական ցանցերի իր էջերում կիսվեց իր նոր` «Իմ աղջիկ» երգով, ինչն էլ առիթ հանդիսացավ նրա հետ նոր զրույցի համար.
«Նոր երգիս հիման վրա տեսահոլովակ նկարահանել չհասցրեցինք: Անպայման ցանկանում էինք մինչեւ Ամանոր դա անել, բայց ցավոք չստացվեց, քանի որ ԱՄՆ-ից շատ ուշ վերադարձանք: Որոշեցինք այս երգը ներկայացնել միայն աուդիո տարբերակով»,-ասում է Գոռը, որի նոր ստեղծագործությունը, ինչպես եւ նախորդը, տարբերվում է ակտիվ ռիթմերով:
«Պարտադիր չէ, որ իմ բոլոր կատարումները լինեն ակտիվ եւ ռիթմիկ: Ես գրում եմ երգեր, որոնք առաջին հերթին պետք է ինձ դուր գան, հետո նոր միայն կհանձնեմ դրանք լսարանի դատին: Հնարավոր է` ներկայացնեմ նաեւ դանդաղ գործ»:
Այս շրջանում ակտիվ երաժտական կարիերայով զբաղվող դերասանից հետաքրքրվեցին` արդյոք հնարավո՞ր է մոտ ապագայում ներկայացնի նաեւ ձայնասկավառակ.
«Ձայնասկավառակ թողարկելու մասին մտածելը դեռ շատ շուտ է: Այժմ դեռ պատրաստի 2 երգ ունեմ եւ աշխատում եմ 3-րդի շուրջ»,-ասում է Գոռը, որը վերջերս ԱՄՆ-ում կայացած «Ֆուլ Հաուս» շոուի ժամանակ ներկայացել է նաեւ որպես երգիչ.
«Թե ես, թե Միհրան Ծառուկյանը դերից բացի հանդես ենք եկել նաեւ երաժշտական կատարումներով: Կարծում եմ` հանդիսատեսն ընդունեց ինձ նաեւ որպես անհատ կատարող»:
Ի դեպ, այս տարի Գոռի համար Ամանորն աշխատանքային է լինելու: Դերասանը տոնը դիմավորելու է Մոսկվայում.
«Անկեղծ ասած` միշտ չէ, որ այսպես է լինում, բայց երբեմն գործի բերումով Ամանորի գիշերը տանը չեմ անցկացնում»:
Սյունե Առաքելյան
Աղբյուրը՝ NEWS.am STYLE