Աշխարհի ամենաերկար հեռուստասերիալները
LIFEՄարդկանց մեծամասնությունն իր կյանքի ընթացքում կլանվում է որևէ սերիալով, սակայն սերիալ դիտելիս դժվար թե մտածի՝ որն է եղել աշխարհի ամենաերկար սերիալը: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:

«Սանտա-Բարբարա»
Այս հայտնի սերիալը վարկանիշային ցուցակում զբաղեցնում է ընդամենը 10-րդ հորիզոնականը: Այն սկսել է ցուցադրվել 1984-ի հուլիսի 30-ին, վերջին սերիան հեռարձակվել է 1993-ի հունվարին: Այդ ողջ ընթացքում ակտիվորեն նկարահանումներ էին ընթանում: Մոտ 10 տարվա ընթացքում «հավաքվել է» ուղիղ 2 137 սերիա: Ժամային առումով սերիալի տևողությունը կազմել է 66 օր, 18 ժամ, 45 րոպե: Այսինքն՝ ողջ սերիալը դիտելու համար պետք էր հատկացնել կյանքի 96 165 րոպեն: Ֆիլմում նկարահանվել են հայտնի դերասաններ, ինչպիսիք են, ասենք, Լեոնարդո Դի Կապրիոն , Ռոբին Ռայթ-Փեննը, Թիմ Ռոբինսը, Բրիջիթ Ուիլսոնը և ուրիշներ:

«Հարևաններ»
Այս հեռուստահրեշն ավելի երկարատև է: Այն առաջին անգամ եթեր հեռարձակվեց 1985 թվականին, վերջնաժամկետն անկանխատեսելի է: Սերիալի արխիվում 5 800-ից ավելի սերիաներ են: Այս սերիալում կարելի է տեսնել Ռասել Քրոուին, Ջեյսոն Դոնովանին, Գայ Փիրսին, Ռադա Միտչելլին, Քայլի Մինոուգին և ուրիշների:

«Գիշերվա շեմին»
Այս սերիալը սկսել է հեռարձակվել 1956 թվականի ապրիլի 2-ին, ավարտվել՝ 1984-ի դեկտեմբերի 28-ին: Այս ինտրիգային սերիալը 6 234 սերիայից է բաղկացած: Սերիալը դիտելու համար պետք է հատկացնեք կյանքի 129 օրն ու 21 ժամը: Սերիալում նկարահանվել են Ջուլիանա Մուրը, Ռոյ Շայդերը, Մարսիա Կրոսը և ուրիշներ:

«Ուրիշ աշխարհ»
Այս «աշխարհում» կարելի էր հայտնվել 1964-ի մայիսի 4-ից 1999 թվականի հունիսի 25-ը: Սա երկարակյացներից ամենաանհաջողն էր: Սերիալի արխիվում 8 872 սերիաներ են, որոնք ձգվում են 369 օր և 16 ժամ: Սերիալում նկարահանվել են Բրեդ Փիթը, Մորգան Ֆրիմենը, Էրիկ Ռոբերթսը և ուրիշներ:

Աշխարհի ամենաերկար սերիալը՝ «Ուղեցույց լույս»
Այս սերիալը սկիզբ առավ 1937-ի հունվարի 21-ին՝ ռադիոյով, ապա շարունակվեց հեռուստատեսությամբ՝ 1952-ի հունիսի 20-ին, ավարտվեց 2009-ի սեպտեմբերի 18-ին: Տասնամյակների ընթացքում հաջողվել է նկարահանել 15 762- սերիա: Ու թեպետ «մտքեր» ու սերիաներ շատ կային, ֆինանսավորման կրճատման պատճառով սերիալն ընդհատվեց: Այս սերիալում կարելի է տեսնել Քրիստոֆեր Ուոքենին, Ռուբի Լիին, Ջոան Քոլինզին և այլ հայտնի դերասանների:



