Սոխն ընդդեմ քաղցկեղի
PHOTOԱՄՆ-ի մի խումբ գիտնականներ պարզել են, որ սոխի մեջ առկա նյութը կարող է պայքարել ձվարանների քաղցկեղի դեմ եւ խոչընդոտել քաղցկեղային բջիջների աճին ու տարածմանը: Ձվարանների քաղցկեղը քաղցկեղների տարածված տեսակներից մեկն է:
Հետազոտողներն ուսումնասիրել են, թե սոխի մեջ պարունակվող նյութն ինչպես է ազդում ուռուցքային բջիջների աճի վրա: Նրանք պարզել են, որ նյութի ներարկումը դանդաղեցնում է ձվարանների քաղցկեղի բջիջների աճը: Հեղինակները սոխի մեջ պարունակվող նյութը փորձարկել են ոչ միայն աճեցվող բջիջների, այլեւ ձվարանների քաղցկեղով տառապող մկների վրա: Այդ նյութը ստացած կենդանիները ավելի երկար են ապրել, քան նրանց այն ցեղակիցները, որոնք այդ նյութը չեն ստացել: Հետազոտողները նաեւ նկատել են, որ այդ մկների մոտ ուռուցքները զգալիորեն փոքրացել են:
Գիտնականները նյութի օգտագործման ընթացքում որեւէ կողմնակի էֆեկտ չեն հայտնաբերել: Նրանք կարծում են, որ սոխը կարելի է կիրառել գոյություն ունեցող բուժումը լրացնելու համար, որը թույլ կտա ձվարանների ուռուցքների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնել:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: