Ինձ համար ռիսկային էր՝ հայտնվել կատակերգական ժանրում. Սոս Ջանիբեկյան (լուսանկարներ)
LIFETert.am-ը գրում է.
Վերջին գեղարվեստական ֆիլմը, որին մասնակցություն է ունեցել դերասան Սոս Ջանիբեկյանը, «Հյուսիս-Հարավ»-ն էր, որն արդեն մեծ էկրաններին է։ Tert.am-ի հետ զրուցում դերասանը ներկայացրեց ապագա ծրագրերը և տեղեկացրեց, որ այժմ նկարահանվում է «Դոմինո» սիթքոմում։
-Սո՛ս, ծնվել, մեծացել եք արվեստագետների ընտանիքում, ինչպիսի՞ մանկություն եք ունեցել, ի՞նչ դրվագներ կպատմեք Ձեր մանկական հուշերից։
-Հպարտությամբ կարող եմ ասել, որ շատ լավ մանկություն եմ ունեցել, բակում՝ լավ ընկերներ, տանը՝ արվեստագետ ծնողներ։ Մանկությունս անցել է «Օպերա»-ի բակում, որտեղ խաղացել, կռվել, մեծացել եմ։

-Վերջերս կորցրիք Ձեր հայրիկին. սովորաբար հայրը արու զավակի համար կրկնօրինակման մոդել է հանդիսանում և մեծ դեր ունենում նրա ձևավորման հարցում։ Ի՞նչ դեր է ունեցել Կարեն Ջանիբեկյանը Ձեր ձևավորման-դաստիարակման հարցում։
-Հորս հետ եղել ենք ընկերներ, եղբայրներ, միշտ կիսվել ենք մեր խնդիրներով, փոխանակվել խորհուրդներով։ Որպես տղամարդ՝ իմ հասունացման ու կայացման մեջ նա ունեցել է ամենամեծ դերը։ Ասում են՝ տղաները միշտ ցանկանում են նմանվել իրենց հայրիկին, սակայն ես կարծում եմ, որ դեռ շատ ճանապարհ պետք է անցնեմ նրան նմանվելու համար ու, ի վերջո, երևի թե չկարողանամ էլ նմանվել։ Նա շատ գունավոր մի երևույթ էր, որին նմանվելու համար մեծ տաղանդ ու ուժ է հարկավոր։

-Լինելով տաղանդավոր դերասանի որդի՝ համարո՞ւմ եք ձեզ տաղանդավոր։
-Եթե ժողովուրդը հորս էր համարում տաղանդավոր, ապա ես տաղանդավոր լինելուց մի քանի աստիճան ներքև եմ։
-Մոտ ապագայում ի՞նչ նորություններով եք հանդես գալու՝ նոր ֆիլմեր, նախագծեր։
-Վերջին գեղարվեստական ֆիլմը, որին մասնակցություն եմ ունեցել, «Հյուսիս-Հարավ»-ն էր, որն արդեն մեծ էկրաններին է։ Հիմա նկարահանվում եմ «Դոմինո» սիթքոմում։ Փոքր-ինչ ռիսկային էր ինձ համար՝ հայտնվել կատակերգական ժանրի մեջ, քանի որ ես միշտ նկարահանվել եմ դրամաներում, բայց հեռուստադիտողների արձագանքից ելնելով՝ կարող եմ ասել, որ ընդունվեց։

-Որպես դերասան՝ Ձեզ ավելի ներդաշնակ եք զգում բեմո՞ւմ, թե՞ ֆիլմերում։
-Երկուստեք ես ներդաշնակ եմ զգում և անմնացորդ տրվում եմ իմ գործին։
-Ինչպե՞ս եք վերաբերում պարբերաբար Ձեր շուրջ պտտվող սկանդալներին քննադատություններին։
-Շատ նորմալ։ Առողջ երևույթ է, երբ քննարկում են հանրային մարդուն։ Հիմնականում աշխատում եմ չհետևել, թե ինչ են խոսում։
-Ինչպե՞ս է անցնում Սոս Ջանիբեկյանի օրը սերիալներից ու էկրաններից դուրս։
-Հիմնականում ընկերներիս հետ եմ կազմակերպում իմ օրը աշխատանքից դուրս՝ համերգներ, ֆիլմեր, գրքեր... Բայց ամենամեծ հետաքրքրությունս՝ ճամփորդելն է։
-Վերջին կարդացած գիրքը։
-The Bastard of Istanbul՝ Elif Shafak, ամենավերջինը՝ «Ռոմեո և Ջուլիետ»։

-Գտե՞լ եք Ձեր Ջուլիետին:
-Ոչ ...(ժպտում է)։



