Իվետա Մուկուչյանը երևանյան մենահամերգի ու «IvaVerse»-ի շնորհանդեսի մասին
PHOTO«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան ներկայացուցիչ, սիրված երգչուհի Իվետա Մուկուչյանի համերգն ու երկար սպասված առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը կկայանա դեկտեմբերի 25-ին՝ ժամը 19:00-ին, Դալմա Գարդեն Մոլում:
«IvaVerse» խորագիրը կրող EP-ում տեղ են գտել 5 երգեր, որոնց թեմատիկ և ժանրային առանձնահատկություններն առավելագույնս մոտ են Իվետա Մուկուչյանին, նրա զգացողություններին ու ապրումներին: Ձայնասկավառակում խտացված կերպով, երաժշտության միջոցով ներկայացված է այն աշխարհը, որը միայն Իվետայինն է, այն տիեզերքը, որը փոքր և մեծ է միաժամանակ:
«Երբ պարբերաբար մտածում էի, թե ինչպիսինն եմ ցանկանում լինի իմ առաջին ձայնասկավառակը, առաջին հերթին ցանկություն էր առաջանում ստեղծել մի բան, որը մաքսիմալ իմը կլիներ, որոշակիորեն ներսս կարտացոլեր: Կարծում եմ հենց այդպիսինն է «IvaVerse»-ը» »,-նշեց Իվետա Մուկուչյանը՝ չափազանց կարևորելով նաև ձայնասկավառակի որակական հատկանիշները:
«IvaVerse»-ում ընդգրկված 4 ստեղծագործությունները ձայնագրվել են Գերմանիայում «Yeah! Yeah! Yeah!» անալոգային ստուդիայում հատուկ վինտաժային տեխնիկայի միջոցով, ժապավենի վրա՝ առավելագույնս փորձելով ստանալ 70-ական թվականների հնչողություն: EP-ի ձայնագրման աշխատանքներին մասնակցել են նաև եվրոպացի շատ հայտնի երաժիշտներ: Մյուս հատվածի ձայնագրումն իրականացվել է Հայաստանում` Լևոն և Լիլիթ Նավասարդյանների աջակցությամբ:
«Իսկապես շատ ուրախ եմ, որ կարողացել ենք ստեղծել նման որակյալ աշխատանք: «IvaVerse»-ի արժեքը հենց այդ արդյունավետ համագործակցության մեջ է»,-եզրափակեց երգչուհին: Համերգային ծրագրի ընթացքում Իվետա Մուկուչյանը կկատարի «IvaVerse» ձայնասկավառակում տեղ գտած ստեղծագործությունները: Ներկաներին նաև անակնկալներ են սպասվում: