Ներսես Երիցյանի՝ 360 հազար դոլարը գերազանցող դրամական միջոցները. «Փաստ»
ECONOMICS«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նախորդ տարի գրեթե 365 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ է ունեցել: Ըստ նրա Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրի՝ Երիցյանը 6 միլիոն 66 հազար դրամ և 352 հազար ամերիկյան դոլար ունի:
Պաշտոնյան հայտարարագրել է 30 միլիոն 307 հազար դրամ տարեկան եկամուտ, որից 29 միլիոն 504 հազար դրամը Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի աշխատավարձն է, 406 հազար դրամը ստացված փոխառությունները (վարկեր) և 396 հազար դրամն էլ նշվել է որպես այլ եկամուտ:
Ներսես Երիցյանը 90–ականներին նույնպես աշխատել է Կենտրոնական բանկում՝ սկզբից որպես բանկի նախագահի օգնական, հետո դրամավարկային քաղաքականության վարչության պետ, այնուհետև էլ՝ բանկի խորհրդի անդամ։ Վերջինս նաև նախարարի պաշտոն է ունեցել՝ 2007 թ. նշանակվել էր Առևտրի և տնտեսական զարգացման նախարար, իսկ 2008 թ.՝ Էկոնոմիկայի նախարար:
Էլինար Վարդանյանը 28 միլիոն դրամով բնակարան է ձեռք բերել:
ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը նախորդ տարի 28 միլիոն դրամով բնակարան է ձեռք բերել: Այդ մասին տեղեկանում ենք պատգամավորի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած գույքի և եկամուտների 2015 թ. հայտարարագրից:
Էլինար Վարդանյանի դրամական միջոցները 2015 թ. սկզբին եղել են 5 միլիոն դրամ և 70 հազար ԱՄՆ դոլար, իսկ արդեն տարեվերջին նվազել՝ կազմելով 3 միլիոն 500 հազար դրամ և 30 հազար ԱՄՆ դոլար: Հավանաբար նա գումարի մի մասը տրամադրել է բնակարան գնելու համար:
Ըստ հայտարարագրի՝ պատգամավորի տարեկան եկամուտները գոյացել են 8 միլիոն 340 հազար և 580 հազար դրամ աշխատավարձերից և 23 միլիոն 300 հազար դրամ ստացված փոխառություններից (վարկեր):
Էլինար Վարդանյանի ամուսինը՝ Կարեն Զաքարյանը, հայտարարագրել է 30 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ և 4 միլիոն 373 հազար դրամ եկամուտ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: