Նա ամեն ինչ արեց ու մեր պուճուրիկների համար հեքիաթային սենյակ ստեղծեց. Նորա Գրիգորյան
PHOTOLife.panorama.am-ը գրում է.
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի դստեր ու դերասան Էրվին Ամիրյանի կնոջ՝ դերասանուհի եւ բեմադրող Նորա Գրիգորյանի համար անցնող տարին մի շարք հաջողություններից զատ, նաեւ երկու հրաշք նվիրեց: Երկվորյակների մայրիկը Life.panorama.am-ի հետ զրույցում պատմել է իրենց բազմանդամ ընտանիքում տիրող տոնական տրամադրության ու 3.5 ամսական փոքրիկների մասին.
«Նախ ասեմ, որ վերջին շաբաթները ծնողներիս տանն էի ապրում, որպեսզի մայրիկս օգներ բալիկների խնամքի հարցում, քանի որ Նոր տարվան ընդառաջ ռուսական թատրոնում ներկայացում էի բեմադրում: Ի դեպ` շատ շնորհակալ եմ մայրիկիս, մեզ օգնելու համար: Այդ ընթացքում մեր հայրիկը` Էրվինը, մեծ անակնկալ էր պատրաստել. Նա գնել էր շատ մեծ տոնածառ, տեղադրել էր մեր տանը ու շատ գեղեցիկ զարդարել, իսկ երբ օրեր առաջ մենք կրկին վերադարձանք տուն ու տեսանք զարդարված տունը, շատ ուրախացանք, դա իսկական անակնկալ էր: Իհարկե, մեր փոքրիկները դեռեւս ոչինչ չեն հասկանում, միայն փայլերով ու լույսերով են տարվում, սակայն ինձ համար ամուսնուս այդ քայլը շատ հաճելի էր»,- պատմեց Նորան ու շարունակեց խոսել ամուսնու եւ երեխաների փոխհարաբերություններից.
«Ամուսինս շատ հոգատար է, օգնում է ամեն հարցում: Երեխաները նրա թույլ կողմն են դրաձել, ու հենց այդ պատճառով էլ նա այս տարի շատ մեծ ուշադրություն դարձրեց Ամանորին: Նա ամեն ինչ արեց ու մեր պուճուրիկների համար հեքիաթային սենյակ ստեղծեց: Ես համոզված եմ, որ այս տարվանից եւեթ այսպես էլ շարունակվելու է, մեր տան հեքիաթը միշտ պահպանվելու է. Նա շատ լավ հայր է իր երեխաների համար»:
Պատմելով 3.5 ամսական Կոնստանտինի եւ Լիաննայի մասին` երջանիկ մայրիկը նշեց.
«Բալիկներս երաժշտություն շատ են սիրում, դա նրանց ընդհանրություններից մեկն է: Նաեւ սիրում են, որ ամեն բան իրենց ցանկությամբ լինի, սակայն մենք փորձում ենք այդ հարցում ուշադրություն ցուցաբերել ու անգամ այս շրջանից ճիշտ դաստիարակություն տալ: Տղաս շատ լուրջ է եւ հետաքրքրասեր, ժպտում է միայն ծանոթ մարդկանց, իսկ անծանոթներին հայացքով ցույց է տալիս, որ չի ճանաչում ու նրանց թույլ չի տա դիպչել իրեն: Աղջիկս նուրբ է, ավելի զգայուն, նա շատ պոզիտիվ ու ժպտերեսիկ է: Նրանք դժվար երեխաներ չեն, ինքս էլ մեծ հաճույքով եմ խնամում նրանց: Քանի որ վերջերս շատ երկար էի աշխատում, հիմա մեծ կարոտով ու հաճույքով խնամում եմ նրանց: Ես զգում եմ բալիկներիս, նրանք էլ` ինձ: Մենք ներքին կոնտակտ ունենք, այնպես որ նրանց խնամքը ինձ համար շատ հեշտ է»:
Մեր զրույցի վերջում Նորա Գրիգորյանը նշեց, որ մեծ ուրախությամբ են սպասում Նոր տարվան, չէ որ, առաջին անգամ որպես ծնողներ են նշելու Ամանորն ու Սուրբ Ծնունդը.
«Նոր տարվան կփորձենք մեր տանը հավաքել մեր մեծ ընտանիքին` Էրվինի ու իմ ծնողներին, ինչու չէ` նաեւ ընկերներ կլինեն: Կարծում եմ` տոները շատ ուրախ կանցնեն, մեր փոքրիկները մեր ուրախության գլխավոր հերոսներն են»,- ավարտեց դերասանուհին:
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան