2017-ին Ադրբեջանում նավթի արդյունահանումը կնվազի 944 հազար տոննայով
ECONOMICSԱդրբեջանի կառավարությունը 2017 թվականի համար նախատեսել է 39 մլն 796 հազար տոննա նավթի արդյունահանում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
2016-ի 12 ամիսների ընթացքում Ադրբեջանի կառավարությունը նախատեսել էր 40 մլն 744,9 հազար տոննա նավթի արդյունահանում:
2017-ին նավթի արդյունահանման նախատեսված ծավալների համաձայն` եկող տարի այդ երկրում նավթի արդյունահանման ծավալները 2016-ի համեմատ կնվազեն 944,1 հազար տոննայով:
Ընդհանուր առմամբ 2016-ի 11 ամիսներին Ադրբեջանում արդյունահանվել է 37 մլն 719,3 հազար տոննա նավթ ( նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 1,4 տոկոսով պակաս), իսկ նոյեմբերին 2 մլն 998,3 հազար տոննա նավթ:
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) 2016-ի հունվար-նոյեմբերին արդյունահանել է 6 մլն 935 հազար տոննա նավթ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 8,6 տոկոսով պակաս է:
2016-ի 11 ամիսների ընթացքում Ադրբեջանից արտահանված նավթամթերքներից ստացված եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 30 տոկոսով, իսկ նավթամթերքների արժեքը 48 տոկոսով:
2016 թվականի հունվար-նոյեմբերին Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) կողմից Ադրբեջանի պետական բյուջե կատարվող մուծումները նվազել են 10 տոկոսով
Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանը , որի պետական բյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին, հայտնվել է խոր տնտեսական ճգնաժամում, ինչը ըստ ադրբեջանական փորձագետների` պայմանավորված համաշխարհային շուկայում նավթի պահանջարկի անկմամբ 2017 թվականին ավելի է խորանալու: