Ինչ ծրագրեր են սպասվում Արմենիա TV-ի ամանորյա եթերում (լուսանկարներ)
PHOTOTert.am Life-ը գրում է
Դեկտեմբերի 31-ին 19:00-ից սկսած Արմենիա TV-ի հեռուստադիտողներին բազում անակնկալներ են սպասվում: Մեկը մյուսին կհաջորդեն տոնական տրամադրություն հաղորդող «Դոմինո» ու «Ֆուլ հաուս» սիթքոմերը, «Փախիր կամ ամուսնացիր» կատակերգական պրեմիերան, իսկ վերջում աստղային հրավառություն է սպասվում ամանորյա շոու-ծրագրում:
«Ամանորին Արմենիա TV-ի եթերը հագեցած է ուրախ տրամադրություն փոխանցող նախագծերով: Արդեն 5 տարի է, դեկտեմբերի 31-ին ներկայացնում ենք կատակերգական պրեմիերա: Այս տարի հեռուստադիտողը հնարավորություն կունենան դիտելու «Փախիր կամ ամուսնացիր» կինոկատակերգությունը: Ֆիլմին կհաջորդի ամանորյա տնական շոու- ծրագիրը, որտեղ իրենց կատարումներով կներկայանան Հայաստանի լավագույն երգիչ-երգչուհիները: Ամանորյա ծրագրում կլինեն փոքր ֆիլմեր Արմենիա հեռուստաընկերության հայտնի դեմքերի մասնակցության: Վերջիններս, Ամանորին շտապելով տուն, տարբեր ծիծաղելի իրավիճակներում են հայտնվում. Վահե Ղազարյանը իր մեքենայով վթարի է ենթարկվում, Հովհաննես Ազոյանը իր ռեստորանում փորձում է տարբեր իրավիճակներից դուրս գալ, Մկրտիչ Արզումանյանը ընկերոջ հետ հանդիպման ժամանակ հայտնվում է ծիծաղելի իրավիճակում և այլն»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Արմենիա TV-ի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:
Ամանորյա շոու-ծրագրին երգ ու պարով կներկայանան Մարտին Մկրտչյանը, Արման Հովհաննիսյանը, Արամ MP3-ին, Իվետա Մուկուչյանը, Նարեկ Բավեյանը, Արամեն, Սիլվա Հակոբյանը, Անահիտ Սիմոնյանը, Սոնա Շահգելդյանը, Քրիստինե Պեպելյանը, Սոնա և Մհերը, Անգելինա Գասպարյանը, Զարուհի Բաբայանը, Էրիկը, Սոֆի Մխեյանը, Ռազմիկ Ամյանը և այլ հայտնիներ: