Բելգիացի լուսանկարիչ․ Տավուշի մարզ՝ փոքրիկ «հայկական Շվեյցարիա» (ֆոտո)
PHOTOՏավուշի մարզը երբեմն անվանում են «հայկական Շվեյցարիա»։ Այս մասին գրում է, Travel. Experience. Live բլոգի հիմնադիր, բելգիացի սիրողական լուսանկարիչ Բրամ Ռոյսենը։
Հարավային Կովկասում անցկացված լեռնային արձակուրդները, նշում է հեղինակը, անկրկնելի խորը զգացմունքներ, հանգստի և անդորրի զգացողություն են պատճառում՝ քաղաքի աղմուկից և ունայնությունից հեռու։ Վեհաշուք բնության գրկում լիցքաթափվելու և մեդիտացիա անելու և լեռնային բարձունքներ նվաճելու սիրահարներին հեղինակը խորհուրդ է տալիս այցելել Հարավային Կովկաս, որպես հանգստի համար կատարյալ վայր։
Հայաստանը, Բրամ Ռոյսենի խոսքով, Հարավային Կովկասում գտնվող զարմանահրաշ լեռնային երկիր է։ «Հայաստանի հյուսիս-արևելքում գտնվում է Տավուշի մարզը։ Տեղանքը հիմնականում լեռնային է։ Ժայռոտ լանջերը ծածկված են ալպիական մարգագետինների կանաչ գորգով։ Մարզը նաեւ հայտնի է իր բնությամբ և պատմական հուշարձաններով։ Կարելի է հիանալ Դիլիջանի Ազգային պարկի հարուստ բնությամբ և Իջևանի բուսաբանական այգով, ինչպես նաև այցելել վանական համալիրներ, ամրոցներ և տեսնել խաչքարներ։ Մարզի մեղմ, մաքուր և թթվածնով հարուստ օդը իդեալական է լիցքաթափվելու և հոգին երիտասարդացնելու համար»,- գրում է բելգիացի լուսանկարիչը։
Հայաստանի հյուսիս-արևելքում,- շարունակում է հեղինակը,- տեղակայված ևս մեկ շրջան՝ Լոռին, հայտնի է ընդարձակ լեռնաշղթաներով, խորը կիրճերով, գետերով և լճերով։ «Լոռվա մարզը պատմական տեսանկյունից նվազ հետաքրքիր չէ, քանի որ այն ժամանակին եղել է Զաքարյանների իշխանական տոհմի ժառանգական կալվածքը։
Այդ հրաշալի մարզում կարելի է ուսումնասիրել բյուզանդական ճարտարապետության զարմանալի նմուշներ, Հաղպատ և Սանահին եկեղեցիերը, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Նաև շատ հետաքրքիր է Պուշկինյան լեռնանցքը, որտեղով 1828 թվականին ճանապարհորդել է Ալեքսանդր Պուշկինը, ռուս ամենահայտնի և սիրելի բանաստեղծը»,- նշում է Բրամ Ռոյսենը։