Շպռոտ. «2017-ին ուզում եմ մայրանալ»
PHOTOTert.am Life-ը գրում է.
Երկարատև դադարից հետո երգչուհի Շպռոտը 2016-ին թողարկեց «Կտրիճ Դավո» երգի տեսահոլովակը, որը լայն քննարկումների առարկա դարձավ: Հանդիսատեսի արձագանքից ոգևորված՝ երգչուհին պատրաստվում է նոր տեսահոլովակ նկարահանել: Tert.am Life-ը Շպռոտի հետ խոսել է ամերիկյան կյանքի, Հայաստան գալու և 2017-ի մյուս անելիքների մասին:
Նա առայժմ չբացահայտեց, թե խոսքն ինչ երգի մասին է, սակայն նշեց, որ այն ոճով նման կլինի «Կտրիճ Դավոյին»: «Տեսահոլովակն էլ, հավանաբար, կլինի «Կտրիճ Դավոյի» շարունակությունը: Տեսնենք, մտքեր կան»,- ասաց երգչուհին ու հավելեց, որ շատ ոգևորված է հանրության արձագանքով:
«Իհարկե, իմ և իմ երկրպագուների համար շատ կարևոր էր իմ վերադարձը: Շատ ոգևորիչ է, երբ երկար դադարից հետո քեզ չեն մոռանում և սպասում են»,- նշեց նա:
ԱՄՆ-ում Անին տարբեր աշխատանքներ է արել, նույնիսկ որպես հավաքարար է աշխատել հյուրանոցներից մեկում: Ըստ նրա՝ հիմա ավելի լավ վիճակում է, աշխատում է ռեստորանում: «Ես համեմատաբար կայացել եմ: Լեզուն գիտեմ, իսկ դա կարևոր հանգամանք է: Ինձ համար դժվար էր կայանալ նոր երկրում և շարունակել երգելը: Փառք Աստծո, կարողացա նորից ուրախացնել իմ լսարանին: Կփորձեմ շարունակել և կրկին ուրախացնել իմ լսարանին»,- նկատեց Շպռոտը:
Ինչ վերաբերում է հիմա իր բոլոր ծախսերը լիարժեք հոգալուն՝ երգչուհին նշեց, որ լինում են և´ լավ, և´ վատ օրեր. «Երգեցողությունը, երբեմն, բավարարում է, երբեմն՝ ոչ, սակայն փորձում եմ միշտ պոզիտիվ լինել: Բոլորի պես ունենում եմ ինչպես լավ և լիառատ, այնպես էլ ոչ այնքան լավ օրեր»:
Շպռոտի խոսքով՝ շատ է ուզում 2017-ին, վերջապես, գալ Հայաստան, քանի որ կարոտից խեղդում է: Դիտարկմանը, որ ժամանակին իր հիասթափված է հեռացել Հայաստանից, արձագանքեց. «Ես երբեք չեմ հիասթափվել Հայաստանից: Շատ եմ կարոտել մայրիկիս և հայրենիքս: Կարոտը խեղդում է»:
Այս տարի երգչուհին ցանկանում է նոր երգեր ու տեսահոլովակներ ներկայացնել իր լսարանին, ինչպես նաև՝ նվիրական երազանք ունի. «Շատ եմ ուզում 2017-ին մայրանալ, թեև դա չես կարող պլանավորել»: