Yerevan, 19.August.2026,
00
:
00
BREAKING


Պուտինը, Օբաման, Օլանդը և այլք շնորհավորական ուղերձներ են հղել Սերժ Սարգսյանին՝ ՀՀ Անկախության տոնի առթիվ

SOCIETY

Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից:

Տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Սերժ Ազատի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:

Գոհունակությամբ եմ նշում, որ ռուս-հայկական հարաբերությունները՝ հիմնված մեր ժողովուրդների բարեկամության, մշակութային և հոգևոր մտերմության վաղեմի ավանդույթների վրա, հաջողությամբ զարգանում են տարբեր ուղղություններով:

Բարձր ենք գնահատում ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված հայ գործընկերների տրամադրվածությունը: Կցանկանայի հաստատել ռուսական կողմի պատրաստակամությունը՝ այսուհետ ևս Հայաստանին օգնություն ցուցաբերել արդիական սոցիալ-տնտեսական հարցերի լուծման գործում:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կապահովենք բազմաբնույթ դաշնակցային կապերի և տարածաշրջանային գործերում կառուցողական փոխգործակցության հետագա զարգացումը: Այն համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների արմատական շահերին:
Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նոր հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում»:

ՀՀ Անկախության տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբաման:

«Հարգելի պարոն Նախագահ,

Ամերիկյան ժողովրդի անունից իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ՝ սեպտեմբերի 21-ին Անկախության տոնի առթիվ:

Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև եղած կապերն ամուր են և երկարատև: Հայ ժողովրդի տոկունության, հյուրասիրության և ստեղծարարության շնորհիվ դուք արժանացել եք աշխարհում շատերի հիացմունքին, որոնց թվում է նաև Միացյալ Նահանգները:

Հայաստանը կարևոր գործընկեր է, որի հետ մենք կիսում ենք դինամիկ և ընդլայնվող օրակարգ: Մենք երախտապարտ ենք խաղաղապահ գործողություններին, այդ թվում՝ Լիբանանում և Կոսովոյում, Հայաստանի աջակցության համար: Մենք նաև ողջունում ենք այս տարի ԱՄՆ-Հայաստան առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի ստեղծումը, որն էլ ավելի կամրապնդի մեր երկրների միջև եղած տնտեսական կապերը:

Մինչ դուք նշում եք անկախության 24-րդ տարեդարձը, ես Ձեզ և Հայաստանի ժողովրդին այս անկախության օրը մաղթում եմ ամենայն բարիք և հաջող գալիք տարի»,- ասված է ԱՄՆ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Պարոն Նախագահ,

Հայաստանի Հանրապետության ազգային տոնի առիթով, հաճույքով հղում եմ Ձեզ, ինչպես նաև ողջ հայ ժողովրդին երջանկության, բարօրության և հաջողության մաղթանքներս:

Երջանիկ եմ, որ ապրիլի 24-ին Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հիշատակման առիթով Երևանում էի՝ հայ ժողովրդի հետ միասին:

Խոհականության և միասնության մթնոլորտով պարուրված ոգեկոչման այդ հուզիչ արարողությունը ցույց տվեց լավագույն ապագա կերտելու Հայաստանի կամքը՝ առանց մոռացության մատնելու պատմական ողբերգությունները:

Կցանկանայի վերստին հավաստիացնել Ձեզ, որ համակված հայ ժողովրդի հետ ունեցած առանձնահատուկ կապերով, Ֆրանսիան կշարունակի իր բարեկամությունը, համերաշխությունը և օժանդակությունն ի սպաս բերել Հայաստանին: Մասնավորապես, որպես Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիան վճռականորեն կշարունակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված իր միջնորդական ջանքերը՝ հուսալով, որ 2014 թվականի հոկտեմբերին Փարիզում կայացած գագաթնաժողովի առաջխաղացումները կնպաստեն հարցի շուտափույթ լուծմանը:

Ընդունեք խնդրեմ,պարոն Նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը»,-ասված է Ֆրանսիայի Նախագահի շնորհավորական ուղերձում:

Անկախության օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինը:

«Ձերդ Գերազանցություն,

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության և ժողովրդի ու անձամբ իմ անունից Հայաստանի Հանրապետության անկախության 24-ամյակի կապակցությամբ Ձեզ և Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու բարեկամ ժողովրդին հղում եմ սրտանց շնորհավորանքներ և լավագույն բարեմաղթանքներ:

Ես մեծ նշանակություն եմ տալիս չին-հայկական հարաբերությունների զարգացմանը և պատրաստ եմ Ձեզ հետ միասին հետագա ջանքեր ներդնել՝ դրանք հետևողականորեն առաջ մղելու նոր մակարդակի:

Ձեր երկրին մաղթում եմ բարգավաճում, իսկ ժողովրդին՝ երջանկություն և բարօրություն:

Ձեզ մաղթում եմ քաջառողջություն և հետագա հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ»,-ասված է Չինաստանի Նախագահի շնորհավորական ուղերձում:

Նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:

«Մեծարգո Սերժ Ազատի,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և մեր ողջ ժողովրդին' Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ, տոն, որը խորհրդանշում է ազատ ու անկախ ապրելու մեր դարավոր կամքն ու վճռականությունը:

Կորցնելով պետականությունը' հայ ժողովուրդը հարյուրամյակներ շարունակ ենթարկվել է բազում փորձությունների, դիմակայել թշնամիների ոտնձգություններին ու կրել ծանր զրկանքներ: Սակայն նա երբեք չի հուսալքվել, չի կորցրել ազգային ինքնությունը, հավատն ու լեզուն և պահ անգամ չի հրաժարվել իր նպատակներից:

Այդ նպատակներն իրականություն դարձան 1991 թվականին, երբ հայկական հինավուրց հողի վրա վերականգնվեց անկախ պետականությունը: Դա մեր ժողովրդի փրկության ճանապարհն էր, հաղթանակների ու ձեռքբերումների, կայացման ու ինքնահաստատման ուղին, որը նա անցնում է արժանապատվորեն' իր միասնականության ու անսասան ոգու շնորհիվ հաղթահարելով բոլոր դժվարություններն ու խոչընդոտները, օր օրի ամրապնդելով ու զորացնելով հայրենի երկիրը և կերտելով իր հուսալի ապագան:

Մեծարգո Սերժ Ազատի,

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մեր բոլոր հայրենակիցներին' Անկախության տոնի առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, հաջողություններ ու ամենայն բարիք մեր ժողովրդին ու Մայր Հայաստանին, որը բոլոր հայերի հայրենիքն է, հպարտությունն ու ապավենը»,-ասված է ԼՂՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Տոնի առթիվ ՀՀ Նախագահին ուղղված Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի շնորհավորական ուղերձում ասված է. «Ինձ համար մեծ հաճույք է Ձերդ Գերազանցությանը շնորհավորել Ձեր Ազգային օրվա առթիվ: Հայաստանի Հանրապետության ժողովրդին եմ հղում իմ լավագույն ցանկությունները՝ մաղթելով երջանկություն ու բարգավաճ ապագա»:

Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոախիմ Գաուկը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Պարոն Նախագահ,

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը տոնում է իր Անկախության 24-րդ տարեդարձը: Այս առանձնահատուկ օրվա առիթով Ձեզ և հայ ժողովրդին եմ հղում անձամբ իմ և իմ համերկրացիների սրտանց բարեմաղթանքները:

Այս՝ Ձեր երկրի համար նշանակալի ոգեկոչման 2015 թվականին, Գերմանիան շարունակում է գործընկերաբար կանգնած լինել Հայաստանի կողքին: Մեր երկու երկրների միջև սերտ և փոխվստահելի հարաբերությունները Հայաստանի անկախության վերանվաճումից ի վեր արագ և բազմակողմանի զարգացում են ապրել: Դրա լավագույն օրինակը երկկողմ սերտ շփումներն են մշակույթի և գիտության ոլորտներում: Արտաքին քաղաքական ոլորտում Գերմանիան սատարում է Հայաստանի պատրաստակամությունը՝ Արևելյան գործընկերության շրջանակում շարունակելու քաղաքական և տնտեսական մերձեցումը Եվրամիությանը: Դրանով Ձեր երկիրը ցույց է տալիս, որ Եվրամիության, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ու եվրասիական գործընկերների հետ հարաբերությունների միաժամանակյա սերտացումը հնարավոր է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ խաղաղ լուծումը, ինչպես նաև հայ-թուրքական փոխըմբռնումն իմ սրտի ցանկությունն են: Գերմանիան երկու հարցերում էլ կշարունակի երկխոսությանը սատարելու իր ջանքերը:

Մաղթում եմ Ձեզ բարօրություն և առողջություն, իսկ հայ ժողովրդին՝ լավ ապագա՝ խաղաղության, ազատության և բարեկեցության մեջ»:

Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են հղել նաև Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդական Հանրապետության Նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան, Հնդկաստանի Հանրապետության Նախագահ Պրանաբ Մուքերջին, Մեքսիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն, Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ավստրալիայի Միության գեներալ-նահանգապետ Պիթեր Քոսգրովը, Սինգապուրի Հանրապետության Նախագահ Թոնի Թան Քենգ Յամը, Իրաքի Հանրապետության Նախագահ Մուհամմադ Ֆուադ Մաասումը:

Նախագահը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Անկախության տոնի առթիվ:

Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia