2016-ի արդեն վերջում հոգևոր ներդաշնակ վիճակում էի, հիմա միակ ցանկությունս այն է, որ շարունակվի այս վիճակը 2017-ին. Մերի Հակոբյան
PHOTOLife.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհի Մերի Հակոբյանը պատմել է տոնական օրերի ու 2017-ի իր ծրագրերի մասին:
«Պետք է նշեմ, որ Նոր տարին իմ ամենասիրելի տոներից մեկն է, որին մեծ սիրով եմ սպասում: Այս տարի Ամանորը նշեցինք իմ շատ սիրելի «Saf» ակումբում. 2016-ին հրաժեշտ տվեցի ամենամոտ ընկերուհիներիս եւ ամենահարազատ մարդկնաց հետ: Պետք է շեշտեմ, որ ինձ համար շատ կարեւոր է, թե ում հետ եմ սկսում նոր տարիս»,- պատմեց Մերին:
Ի դեպ՝ Ամանորի հետ կապված Մերին ամենաշատը սիրում է եղեւնու զարդարման արարողությունը, քանի որ այդ առումով նա ունի իր հատուկ բացատրությունը. «Ամանորի հետ կապված ամենակարեւոր կողմերից մեկը եղեւնին է: Ասում են՝ եղեւնին պատմում է տանը բնակվող մարդկանց ճաշակի մասին: Ես էլ ամեն տարի մինչ եղեւնին զարդարելը շատ լուրջ եմ պատրաստվում, չեմ սիրում ամեն տարի նույն զարդարանքներով զարդարել»,- նշեց մեր զրուցակիցը:
2016-ին Մերի Հակոբյանը նկարահանվեց «Աբելի քույրը» հեռուստասերիալում, նախորդ տարվա ընթացքում ձեռք բերած աշխատանքային ակտիվությունը դերսանուհու համար կպահպանվի նաեւ 2017-ին. «Նախորդ տարի ATV-ին ինձ համար երկրորդ տուն դարձավ. Ես սիրով եմ այստեղ աշխատում ու հաճույքով եմ մտնում իմ տուն: Այս տարի եւս շարունակելու եմ աշխատել նույն հեռուստաընկերությունում, որին զուգահեռ կաշխատեմ նաեւ Արմենիա TV-ում: Այս շրջանում նկարահանվում եմ մի նախագծում, որի մասին մանրամասներ դեռ հայտնել չեմ կարող, միայն կասեմ, որ շատ հետաքրքիր ու ինտրիգային նախագիծ է, որը հայ հեռուստադիտողին կպահի հեռուստաէկրանի դիմաց»,- պատմեց դերասանուհին:
Զրույցի վերջում Մերի Հակոբյանը նկատեց. «2016-ի արդեն վերջում հոգեւոր ներդաշնակ վիճակում էի, հիմա միակ ցանկությունս այն է, որ շարունակվի այս վիճակը 2017-ին ու նաեւ հետագայում»: