Ինձ համար մեծ պատիվ կլինի ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլ» մրցույթում. Ուկրաինական X-Factor-ի հաղթող Սեւակ Խանաղյան
PHOTONEWS.am STYLE-ը գրում է.
Ուկրաինական X-Factor-ի հաղթող Սեւակ Խանաղյանը, որին մենք այդքան սատարում էինք շոուի ընթացքում, ժամանել է Երեւան։ Այսօր՝ հունվարի 13-ին, Սեւակը լրագրողների հետ հանդիպել է «Հավանա» ժամանցային կենտրոնում, որտեղ ժամը 14։00-ին նախատեսված են նաեւ տաղանդավոր արտիստի հանդիպումը հայաստանյան երկրպագուների հետ, իսկ երեկոյան՝ նրա համերգը։
Լրագրողները Սեւակին դիմավորեցին բուռն ծափահարություններով, եւ երգիչը միանգամից շնորհակալություն հայտնեց նրանց՝ ուկրաինական շոուի ամբողջ ընթացքում իր ելույթները ակտիվորեն լուսաբանելու համար։
«Ողջունում եմ բոլորին։ Շատ ուրախ եմ, որ կրկին Հայաստանում եմ։ Ես հայերեն հիանալի հասկանում եմ, բայց այդքան սահուն չեմ խոսում, ինչպես ռուսերեն։ Ես ծնվել եմ Հայաստանում (Տաշիր քաղաքում), այնուհետեւ տեղափոխվել ենք Մոսկվա, որտեղ էլ սկսել եմ իր գործունեությունը։ Մասնակցել եմ երեք հեռուստանախագծերի՝ «Главная сцена», «Ձայնը» եւ «X Factor»։ Վերջինում հաջողությունը ինձ ժպտաց»,- նշեց Սեւակը։
NEWS.am STYLE-ի թղթակցի հարցին՝ կընդունե՞ր Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթում ներկայացնելու առաջարկը, երգիչը պատասխանեց.
«Նման առաջարկի դեպքում ինձ համար մեծ պատիվ կլինի ներկայացնել Հայաստանը։ Ի դեպ, ես վստահ եմ, որ Արծվիկը փայլուն ելույթ կունենա այս տարի»։
Հայ երկրպագուների աջակցության մասին Սեւակը, որը հանդիպման ժամանակ կատարեց իր հեղինակային «Не молчи» երգից մի հատված, ասաց.
«Ես գիտեի, որ ինձ սատարելու էին, հետեւելու էին իմ ելույթներին, բայց որ նման աջակցություն կլինի՝ չէի ակնկալում։ Դա ինձ այնքան ուժ էր տալիս, առաջ մղում։ Ձեզնից մի անբացատրելի էներգիա էր գալիս»։
Ի դեպ, Սեւակն ավելացրեց, որ համագործակցելու բազմաթիվ առաջարկներ է ստանում հայ կատարողների կողմից, եւ մոտ ապագայում մեզ շատ անակնկալներ են սպասվում։
Իսկ հայ երաժշտության մասին երգիչը նշեց.
«Ես պաշտում եմ հայկական ազգային երգերը, կրկնում եմ՝ ազգային, ժողովրդական երգերը, ոչ այն, ինչ այժմ ընդունված է հայկական երաժշտության անվանել»։
Իսկ ապագա ծրագրերի մասին մեր հարցին՝ Խանաղյանը պատասխանեց.
«Հայաստանում ես շատ խիտ գրաֆիկ ունեմ. ընդամենը 1.5 ժամ եմ հասցրել քնել։ Հանդիպումներ, հարցազրույցներ, նոր նախագծերի քննարկումներ, որոնց մասին դեռ չեմ կարող խոսել։ Բայց հունվարի 15-ին գնալու եմ Տաշիր, որտեղ վերջապես կհիշեմ ինձ հարազատ վայրերը»։
Սյունե Առաքելյան, Պարույր Սինյավսկի
Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի