Ապրիլին վիրավորված Արմանը Նոր տարին Գերմանիայի հիվանդանոցում է անցկացրել
PHOTOԱպրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում վիրավորված Արման Լազգիյանը ծնողների հետ Նոր տարին Գերմանիայի հիվանդանոցում է անցկացրել, որտեղ նա բուժում է ստանում։
NEWS.am Medicine–ի հետ զրույցում Արմանի ծնողները պատմել են, որ Արմանի ներքին օրգանների հետ կապված խնդիրների մեծ մասն արդեն հաջողվել է լուծել։ Հիմա երիտասարդը վերականգնողական բուժման կարիք ունի, եւ թեպետ հայտնի չէ, թե կարող է նա արդյոք երբեւէ քայլել, ո՛չ Արմանը, ո՛չ նրա հարազատները հոգեպես չեն ընկճվում։
Արմանն ինքը դեռ հույս ունի, որ Հայաստան կվերադառնա իր ոտքով, այլ ոչ թե հաշմանդամի սայլակով, եւ ասում է, որ դրա համար կանի հնարավոր ամեն բան։
Հիշեցնենք, որ Արման Լազգիյանը ապրիլի սկզբին ադրբեջանական ագրեսիայի ընթացքում ողնաշարի եւ ողնուղեղի վնասվածք էր ստացել: Տեղում առաջին օգնություն ցուցաբերելուց հետո նրան ծանր վիճակում հասցրել էին «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: Մի շարք վիրահատություններից հետո Արմանի ծնողները ցանկացան նրան բուժման տանել Գերմանիա. հայ բժիշկները Արմանի համար արեցին այն ամենը, ինչ նրանց ուժերում էր, սակայն քանի որ վերականգնումը Գերմանիայում ավելի զարգացած է, քան Հայաստանում, շատերի կարծիքով Արմանն այնտեղ ոտքի կանգնելու ավելի մեծ շանսեր ունի:
Չնայած Հայաստանի կառավարության որոշմանն այն մասին, որ այն վիրավորներին, որոնց չեն կարողանա պատշաճ օգնություն տրամասրել Հայաստանում, կառավարությունը բուժման կուղարկի արտասահման, Արման Լազգիյանի նկատմամբ այդ որոշումը չի կիրառվել: Բայց քանի որ ծնողները պնդում էին արտասահմանում բուժումը, կառավարության անդամները նրանց ֆինանսական առումով օգնել են «մասնավոր աղբյուրներից»: Օգնել են նաեւ հասարակ քաղաքացիները, որոնք փող են փոխանցել Արման Լազգիյանի անունով բացված հաշվին:
Մայիսի 26-ին Արմանին հասցրել են Asklepiosklinik Barmbek Hamburg կլինիկա (Գերմանիա), որտեղ մինչ օրս բուժում է ստանում եւ հետազոտություն է անցնում: Նախատեսում են մոտ ապագայում նրան այլ կլինիկա տեղափոխել, որը մասնագիտացած է ողնաշարի վնասվածքների եւ վերականգնման գործում:
Աղբյուրը՝ NEWS.am Medicine