«Դա ուղղակի տգեղ է». 5 հակաթրենդ այս ձմռանը ըստ Դիանա Շատվերյանի
PHOTOTert.am Life-ը գրում է.
Նորաձև լինելու համար պետք է ուշի ուշով հետևել ոչ միայն սեզոնի թրենդներին, այլև հակաթրենդներին: Թեև յուրաքանչյուրն ինքն է որոշում, ինչ հագնել, ինչ՝ ոչ, կան ընդհանուր նորմեր, որոնք իմանալն օգտակար է:
Tert.am Life-ը դիզայներ Դիանա Շատվերյանի հետ խոսել է այս սեզոնի հակաթրենդների մասին: Ձմռան լուքերից խոսելիս Դիանան առաջնահերթ նշեց սեզոնին համապատասխան հագնվելը: Նա շեշտեց, որ միշտ պետք է ունենալ եղանակին համապատասխան հագուստ և կոշիկ:
1 Մորթյա ժիլետները գեղեցիկ են, սակայն պետք է ճիշտ համադրել: Թևերի հատվածում պետք է հաստ որևէ բան հագնել, որպեսզի չսառեն: Կան ժիլետներ, որոնք կարելի է համադրել լայն թևերի, գործվածքների հետ:
Եթե ժիլետը հագնում են կաշվե բաճկոնի վրայից, ընդհանուր լուքը պետք է համապատասխան լինի: Այն կարելի է համադրել, օրինակ, կաշվե տաբատի հետ: Չի կարելի այն համադրել, օրինակ, վառ գույնի բլուզի, կաշվե բաճկոնի, ճղճղած ջինսի և ծնկի տակից երկարաճիթ կոշիկների հետ: Այդ համադրությունը շատ վատ է նայվում:
2 Հակաթրենդ է, երբ ձմռան ցրտին շատ բարակ կաշվե բաճկոնով հագնում են վերնաշապիկ և շատ հաստ շարֆ կապում: Եթե շարֆ են կապում, նշանակում է մրսում են: Հարցը ֆինանսական կողմը չէ, որովհետև տեսնում ես՝ մարդը գումար է ծախսել հագնվելու վրա: Պարզապես մտածում են՝ այդպես կտարբերվեն, սակայն սառած տեսքը գեղեցիկ ոչ մի բան չի հաղորդում տեսքին: Կան շատ հավես, տաք բաճկոններ, որոնք կարելի է հագնել և չմրսել:
3 Սպորտային լեգինսները նախատեսված չեն կարճ բլուզներով հագնելու համար: Պետք է իդեալականին մոտ կառուցվածք ունենաս, որ կարողանաս լեգինսը համադրել կարճ սվիտերի հետ:
4 Չի կարելի ձմռանը բարակ կրունկներով երկարաճիթ կոշիկներ հագնել: Կան աղջիկներ, ովքեր չեն ուզում դուրս գալ իրենց ոճից՝ ցերեկը երեկոյան դիմահարդարմամբ են, ձմռան սառույցին՝ բարձրակրունկներով մի կերպ են ման գալիս: Դա ուղղակի տգեղ է և ամենամեծ հակաթրենդներից մեկը:
Կարելի է գոլֆիկներով հագնել: Անպայման չէ դրանք համադրել միայն մարմնագույն զուգագուլպայի հետ, կարելի է համադրել սև, մոխրագույն հաստ զուգագուլպայի հետ: Եթե կոշիկը սև է, զուգագուլպան ու գոլֆիկը կարող են սև լինել, որպեսզի ոտքը 3 մասի չբաժանվի, գոլֆիկի վրա կարող է լինել բորդո, կանաչ, մոխրագույն որևէ երանգ: Դա կարելի է համադրել կարճ զգեստի հետ: Ե´վ ոտքդ վիզուալ կերկարի, և´ չես սառչի, և´ գեղեցիկ, նորաձև տեսք ունես:
5 Հակաթրենդ է, երբ գլխարկ չեն դնում, որպեսզի մազերը չփչացնեն: Շատ գեղեցիկ գլխի աքսեսուարներ, գլխարկներ կան: Հորդորում եմ հայ աղջիկներին ցուրտ եղանակին դնել դրանք: Դեմքի ցանկացած կառուցվածքին սազող գլխարկ կա, ուղղակի պետք է գտնել:
Անպայման չէ, որ շարֆը, ձեռնոցն ու գլխարկը նույնը լինեն, պարզապես պետք է սազեն իրար: Կարող են իրարից ծայրահեղ տարբեր բրենդներ էլ լինել, սակայն ոճային կապ ունենան: Հենց դա է բարդը: Ճաշակի զգացողությունը երևում է, երբ կարողանում ես ճիշտ համադրել հագուստը: Նույն գույնն ու գործվածքը հեշտ է համադրել, դժվարը տարբեր բաները ճիշտ համադրելն է:
Գեղեցիկ է նաև, երբ գլխարկն ու ձեռնոցները նույն բրենդից են, շարֆը՝ ուրիշ կամ հակառակը շարֆն ու ձեռնոցներն են նույն բրենդից, գլխարկը՝ ուրիշ: