Ծննդյանս տարեդարձը չեմ նշում, քանի որ շատ մտերիմ մարդու կորուստ ունեցա. Էմիլ Գալստյան
PHOTOAysor.am-ը գրում է.
Դերասան Էմիլ Գալստյանն, ով հանրությանն առավել ծանոթ է «Շանթ» հեռուստաընկերության «Բանակում» սերիալից, այժմ էլ նկարահանվում է ATV հեռուստաընկերության «Քարե դարդ» սիթքոմում՝ այսօր նշում է ծննդյան 26-ամյակը: Սակայն օրվա հերոսն այսօր տոնական տրամադրություն չունի:
«Այս տարի ծննդյանս տարեդարձը չեմ նշում, քանի որ շատ մտերիմ մարդու կորուստ ունեցա: Օրն էլ, ցավալիորեն, համընկավ ծննդյանս օրվա հետ», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց հոբելյարը:
Նկատառմանը, որ այնուամենայնիվ շնորհավորանքներից խուսափել չի լինի ու սովորաբար կեսգիշերից են սկսվում անակնկալներն ու բարեմաղթանքները՝ պատասխանեց.
«Իհարկե, շնորհավորանքներն այնքան շատ են, որ նույնիսկ դեռ չեմ հասցրել բոլորին շնորհակալություն հայտնել: Անակնկալների մասին չեմ էլ մտածում, քանի որ դրական տրամադրություն չունեմ»:
Է. Գալստյանի վստահեցմամբ՝ նյութական նվերներն իրեն չեն հետաքրքրում, կարևորն ի սրտե մաղթանքն ու հաճելի խոսքերն են: Ինչպես նա նկատեց, բավական է հիշեն և շնորհավորեն, ու դա արդեն մեծ նվեր ու անակնկալ է:
26 տարիների ընթացքում երիտասարդ դերասանը և՛ ձեռքբերումներ, և՛ ձախողումներ է ունեցել, բայց չի թևաթափվել:
«Ունեմ և՛ ձեռքբերումներ, և՛, իհարկե, բացթողումներ: Բացթողումներից չեմ հուսահատվում, Աստծով առաջ եմ շարժվում ու երբեք չեմ հանձնվում», - ընդգծեց նա:
Հարցին, թե արդյոք կա իր կյանքում այն միակը և մտածո՞ւմ է արդեն ընտանիք կազմելու մասին՝ ժպիտով պատասխանեց.
«Ոչ միակը, ոչ էլ անկրկնելին իմ կյանքում դեռ չկան: Իսկ ընտանիք կազմելու մասին թեև մտածում, բայց չեմ ուզում Աստծուց առաջ ընկնել: Ամեն բան թող լինի Նրա կամքով և ճիշտ ժամանակին»:
Մեզանից յուրաքանչյուրը բոլորից լավ գիտի՝ ինչի պակասն ու ինչի անհրաժեշտությունն ունի:
«Ինքս ինձ մաղթում եմ ավելի քիչ սխալներ անեմ ու շարժվեմ Աստծո պատվիրանների սահմանում: Աստված ինձ օգնական», -եզրափակեց դերասանը:
Aysor.am-ը ևս շնորհավորում է Էմիլ Գալստյանին՝ մաղթելով նպատակների իրականացում: