X Factor-ի պրոդյուսեր եւ ռեժիսոր Աննա Թադեւոսյանը` Էրիկի կայացրած ամենաքննարկվող որոշման եւ նախագծի կանոնների մասին
PHOTOՀայկական X Factor նախագծի կիրակնօրյա թողարկումն արդեն երկու օր է, ինչ բուռն քննարկվում է համացանցի օգտատերերի կողմից:
Նախագծի «4 աթոռ» փուլում այս անգամ մրցում էր աղջիկների խումբը, որոնցից խմբի ղեկավար Էրիկը պետք է ձեւավորեր իր քառյակը: Եվ ահա, երբ արդեն բոլոր 4 աթոռները զբաղված էին, Էրիկը որոշում է, որ Դիանա Հարությունյանի փոխարեն աթոռին պետք է նստի մյուս մասնակիցը` Հասմիկ Կարապետյանը: Սակայն ավելի ուշ երգիչը տարակուսում է իր որոշման մեջ եւ հաղորդման վերջում որոշում է փոփոխություն կատարել իր քառյակում` նախագիծ վերադարձնելով Դիանա Հարությունյանին: Վերջինիս իր աթոռը զիջում է Մոնիկա Միրզոյանը:
Էրիկի որոշումը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց: Որոշ հեռուստադիտողներ նշեցին, թե նախագծում անարդար որոշում է կայացվել եւ խախտվել է X Factor-ի ֆորմատը:
Որքանո՞վ են տեղին այս խոսակցությունները: NEWS.am STYLE-ը թեմայի շուրջ զրուցեց X Factor նախագծի պրոդյուսեր եւ ռեժիսոր Աննա Թադեւոսյանի հետ.
«X Factor-ն, առհասարակ, փոփոխությունների ենթարկվող ֆորմատ է: Երկու տարի առաջ, օրինակ, երբ մեզ մոտ առաջին անգամ անցկացրեցինք «4 աթոռ»-ի փուլը, կանոններն այլ էին: Յուրաքանչյուր մասնակից կատարում էր մեկ երգ, իսկ ժյուրիի անդամը հենց տվյալ պահին պետք է կայացներ իր վերջնական որոշումը: Այս 2 տարիների ընթացքում նախագիծը կրկին փոփոխությունների է ենթարկվել: Այժմ կասկածի դեպքում ժյուրիի անդամը կարող է խնդրել մասնակցին կատարել երկրորդ երգը եւ մինչեւ հաղորդման ավարտը իրավունք ունի, նույնիսկ, մեկից ավելի փոփոխություն կատարել իր խմբում:
Մյուս կիրակի, օրինակ, Գարիկի հերթն է: Նա ընտրելու է խմբերին եւ խմբերի մեջ էլ կարող են տեղի ունենալ որոշակի փոփոխություններ»,-տեղեկացրեց Աննան` հավելելով, որ նախագծում օրենքների խախտում երբեք չի կարող գրանցվել.
«Մեզ մոտ եկել են նաեւ անգլիացի պրոդյուսերներ, քննարկել ենք նախագծի այս եթերաշրջանի կանոններն ու նրանք միշտ հետեւում են մեր հաղորդումներին: Պարզապես, խորհուրդ կտայի հետեւել անգլիական X Factor-ի վերջին եթերաշրջանին, որտեղ պարզ երեւում են հաղորդման կանոնները»:
Հաղորդումից հետո շատերը կարծիք հայտնեցին, թե Էրիկի որոշումը սթրեսի է ենթարկել 17-ամյա մասնակցին: Աննայի հետ զրուցեցինք նաեւ այս թեմայով.
«Ընդհանրապես այս նախագիծը սթրեսային է թե մասնակիցների, թե ժյուրիի անդամների, թե ամբողջ անձնակազմի, թե, նույնիսկ, հաջորդ փուլ անցած ֆինալիստների համար: Իհարկե, սկզբում շատ տխուր է լինում բոլորի համար, բայց սրանք են խաղի կանոնները… Ինչ վերաբերում է Մոնիկային` այդ փուլից հետո էլ նա գալիս է մեր նկարահանումներին, այսուհետ նրան հաճախ կարող եք տեսնել հանդիսատեսի շարքերում:
Այս շոուն բարդ կանոններ ունի, բայց արդյունքում յուրաքանչյուր մասնակից սիրվում է, ստանում է հայտնիություն: Դրա վառ ապացույցն այսօր մեր երգարվեստում X Factor եւ այլ նախագծերից մուտք գործած երգիչների քանակն է»,-նշեց ռեժիսորը:
Հիշեցնենք, որ «4 աթոռ» փուլում Անդրեն, Շուշանիկ Արեւշատյանն ու Էրիկն արդեն ձեւավորել են իրենց քառյակները: Ինչպես արդեն նշվել է` հերթը Գարիկ Պապոյանինն է, որն աշխատելու է խմբերի հետ: Իսկ թե ինչ խմբեր տեղ կգտնեն Գարիկի թիմում, պարզ կդառնա այս կիրակի:
Սյունե Առաքելյան
Աղբյուրը՝ NEWS.am STYLE