Ինչ բիզնես է սկսել Դավիթ Աղաջանյանը
PHOTOTert.am Life-ը գրում է
Դերասան Դավիթ Աղաջանյանը բիզնես է սկսել՝ իրականություն դարձնելով վաղեմի ցանկությունը: «Շանթ» հեռուստաընկերության «Թաքնված սեր» հեռուստասերիալում հանդես եկող դերասանն իր նոր աշխատանքի մասին առաջին մանրամասները վստահել է Tert.am Life-ին:
Դավթի փոխանցմամբ՝ բիզնեսի ուղղությամբ աշխատանքները սկսել է նախորդ տարվա դեկտեմբերից: «Առաջիկայում կներկայացնեմ թևնոցներ տղամարդկանց և կանանց համար: Այդքանով չենք բավարարվի որոշ ժամանակից կներկայացնեմ նաև վզնոցներ, կլինեն նաև այլ մտքեր,- ասաց Դավիթը, ով մտադիր է հետզհետե ընդլայնել բիզնեսն ու այլ նորություններ էլ ներկայացնել: -Առայժմ օնլայն վաճառք կիրականացնենք: Հետագայում խանութ բացելու մտադրություն ունեմ»:
Որպես բրենդի անուն՝ Դավիթն ընտրել է իր անուն-ազգանվան առաջին տառերը՝ «DA jewellery»: «Ամբողջ տեսականին այստեղ է պատրաստվում: Զարդերն արծաթյա են, իսկ տուփերը՝ պոպոկի փայտից: Կլինեն աշխատանքներ նաև ոսկուց: Դիզայնով անձամբ ես եմ զբաղվում»,- ասաց նա:
Դավթից տեղեկացանք, որ սիրելին՝ երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը, ևս օգնում է իրեն: «Գաղափարն իմն է, սակայն Աննան օգնում է ինձ ամեն հարցում: Տղամարդկանց թևնոցներին վերջնական հավանություն ես եմ տալիս, իսկ կանանց թևնոցների դիզայնը վստահում եմ Աննայի ճաշակին»,- նշեց դերասանը՝ հավելելով, որ մոդելներն ինքն ու Աննան են ներկայացնելու:
Վերջին շրջանում շոու բիզնեսի ներկայացուցիչները ձգտում են եկամուտի կողմնակի աղբյուր ունենալ: Դերասանից հետաքրքրվեցինք՝ արդյոք դերասանի աշխատավարձը չի բավականացնում: «Մեր երկրում դերասանի աշխատավարձը շատ քիչ է: Չես կարող սահմանափակվել այդքանով: Եթե դերասան ես, չի նշանակում, որ այլ ոլորտում չպետք է քեզ փորձես»,- եզրափակեց նա: