Նրանց հետ քայլելիս ես ինձ պաշտպանված ու հպարտ եմ զգում. Լիա Զախարյանը` բանակում ծառայած իր ընկերների եւ հայ զինվորների մասին
PHOTOStyle.news.am-ը գրում է.
Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի առթիվ զինվորներին ուղղված իրենց բարեմաղթանքներով առանձնացան նաեւ մեր հեռուստաեթերի գեղեցկուհիները:
NEWS.am STYLE-ը զրուցել է սերիալներից եւ ֆիլմերից հայտնի ու սիրված դերասանուհի Լիա Զախարյանի հետ: Պարզվում է` Լիան բանակում ծառայած շատ ընկերներ ունի, որոնցով անչափ հպարտանում է.
«Համաձայն եմ այն մտքի հետ, որ տղան պետք է ծառայի եւ կողմ եմ ու ուզում եմ, որ բոլոր տղաները ծառայեն, ունենան իրեն կյանքի փորձի այդ 2 տարիները: Կարծում եմ` պետք չէ կրկնեմ, թե ինչ են տալիս տղաներին այդ երկու տարիները, ինչ ազդեցություն են ունենում նրանց վրա եւ ինչ են սովորեցնում, եւ թե ինչ պատիվ է դա թե իրենց ծնողների, թե սպասող աղջիկների համար: Բայց, իհարկե, այդ երկու տարիները թող լինեն անփորձանք` առանց պատերազմի ու զոհերի: Թող յուրաքանչյուր զինվոր իր ընտանիք վերադառնա հպարտ, կոփված, հաղթանակած ու պատվով: Անկեղծ` հպարտանում եմ մեր հայ զինվորներով եւ ծառայություն անցած տղաներով»,-նշեց դերասանուհին` հավելելով, որ իր բոլոր դասընկերներն արդեն անցել են իրենց ծառայության երկու տարիները եւ ինքը բոլորի հետ էլ կապ է պահել այդ ընթացքում.
«Զանգահարել եմ, հնարավորության դեպքում այցելության եմ գնացել, ոգեշնչել եմ: Հիմա էլ ընկերներիս մեջ կան նոր զորակոչված զինվորներ: Շատերը, նույնիսկ, քառօրյա պատերազմի մասնակից են դարձել, ինչի համար նրանց շքանշան է շնորհվել: Նրանց հետ քայլելիս ես ինձ պաշտպանված ու հպարտ եմ զգում: Կարծում եմ` զնվորներն են տվյալ երկրի արտաքին պատկերը: Այժմ էլ կուրսեցիս է ծառայում Կապանում: Նրան արդեն այցելել եմ: Շուտով զորացրվելու է: Ուզում եմ մաղթել, որ Աստծո օրհնությամբ զորացրվի եւ պատվով վերադառնա տուն»:
Լիան բարի ծառայություն մաղթեց մեր բոլոր զինվորներին` ավելացնելով.
«Մենք հպարտանում ենք ձեզանով եւ ձեր հերոսական գործերով»,-ինչպես նաեւ մտաբերեց հայտնի երգի տողերը. «Այո, մեր սրտերը միշտ ամուր են, կուռ են…»:
Սյունե Առաքելյան