Մերի Մակարյանի «Գնված երջանկությունը»՝ սպասուհուց մինչև կայացած կին
PHOTOTert.am Life-ը գրում է
«Արմենիա Պրեմիումի» նոր՝ «Գնված երջանկություն» հեռուստասերիալը հասցրել է հայտնվել հասարակության քննարկման կիզակետում, թեև եթերում կլինի փետրվարի 6-ից: Մինչ լսարանը քննարկում է հեռուստասերիալի անոնսն ու մանրամասները, Tert.am Life-ը զրուցել է ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորող դերասանուհի Մերի Մակարյանի հետ:
Այս ֆիլմում Մերին առաջին անգամ մարմնավորում է դրական հերոսուհու: Այսպիսի կերպար խաղալ դերասանուհին վաղուց էր ուզում: Դրական հերոսուհու մասին Մերին իր տեսլականն ունի: Դերասանուհին մարմնավորում է ուժեղ և կամային աղջկա՝ սպասուհու, ով խաբվում է սիրելիի կողմից, բայց չի ընկճվում: Նա կարողանում է վրեժխնդիր լինել: «Հերոսուհիս դրական է, բայց ոչ խեղճ: Մենք միշտ տեսնում ենք, որ դրական կերպարը պետք է լինի գյուղից եկած, աղքատ, խեղճ, պեպեններով աղջիկ: Այստեղ կա ուժեղ կնոջ խարիզմա, որը ռեժիսորը տեսել է իմ մեջ: Այս ֆիլմում էլ լինում են պահեր, երբ հերոսուհին ու իր մայրը հացի փող չունեն, ապրելու պայմանները շատ են վատանում, մի շարք դժվարություններ են ունենում, սակայն հերոսուհին հաղթահարում է այդ ամենը»,- ասաց դերասանուհին:
Մերին նշեց, որ իր հերոսուհին սովորական կյանքով ապրող ուսանողուհի է, ով խաբվում է Լևս Դավթյանի կերպարի կողմից: «Նրան խաբում են, օգտագործում ամենավատ ձևով և շպրտում: Դրանից հետո նա իրեն զգում է զոհի կարգավիճակում, փորձում է վերջ տալ կյանքին, բայց իր մեջ ուժ է գտնում: Իրեն օգնում է մի երիտասարդ, ով խաբող տղայի խորթ եղբայրն է (Աբել Աբելյանի հերոսը): Ինչպես հեքիաթներում, նա ինձ հանդիպում է ու փրկում կյանքս»,- պատմեց Մերին, ում հերոսուհին հայտնվում է եղբայրների ընտանիքում՝ սպասուհու կարգավիճակում:
«Պետք չէ սպասուհիներին խեղճ պատկերացնել, որովհետև կյանքում չես կարող ապահովագրված լինել ու իմանալ՝ վաղը քեզ հետ ինչ կպատահի, բախտի բերմամբ, որտեղ կհայտնվես: Կարող ես մտածել, որ ունենալու ես հրաշալի կյանք և ապագա, բայց հայտնվես այնտեղ, որտեղ չէիր պատկերացնում: Մենք միշտ մտածում ենք՝ եթե մարդը շքեղ կյանքով է ապրում, ունի հրաշալի տուն, գումար, ոչ մի խնդիր չի կարող ունենալ, բայց արի ու տես, որ շքեղ տների պատերի ներսում կան բազմաթիվ խնդիրներ, վատ աուրա, որը բացահայտվում է աղջկա կողմից»:
Վերջում Մերին նշեց, որ իրեն ևս շատ հետաքրքիր է, թե ինչ է ստացվել վերջնական արդյունքը: «Անհամբեր սպասում եմ՝ երբ է եթերում լինելու: Առանց քուն ու դադարի, ծանրաբեռնված գրաֆիկով նկարահանվել եմ: Տեսնենք՝ ինչ է ստացվել»,- եզրափակեց նա: