Լևս Դավթյանը՝ Մերի Մակարյանի հետ համբույրի և բաց տեսարանների մասին
PHOTOTert.am Life-ը գրում է.
«Արմենիա Պրեմիումի» եթերում այսօր կմեկնարկի «Գնված երջանկություն» նոր հեռուստասերիալը, որում գլխավոր հերոսներից մեկին մարմնավորում է դերասան Լևս Դավթյանը: Ֆիլմում սիրային եռանկյունի է ձևավորվում նրա, Մերի Մակարյանի և Աբել Աբելյանի կերպարների միջև: Tert.am Life-ը դերասանի հետ զրուցել է նոր աշխատանքի մասին:
Լևսը մարմնավորում է հակահերոսին՝ նա խաբում է գլխավոր հերոսուհուն, ում մարմնավորում է Մերի Մակարյանը, սակայն հետո ինքն է ընկնում իր լարած թակարդում և սիրահարվում նրան:
«Կերպարս բացասական է, բայց ունի իր հոգեբանական արդարացումները: Մանկուց խնդիրներ է ունեցել, սխալ դաստիարակություն է ստացել, ինչի հետևանքով հասել է այս կետին: Նա ունի անձնական դրամա՝ ամենամեծ կոնֆլիկտն այն է, որ նա խաբում է մի աղջկա, հետո սիրահարվում: Աղջիկն էլ սիրահարվում է իր եղբորը»,- ասաց Լևսը:
Դերասանի խոսքով՝ փորձել է այլընտրանքային մոտեցում ցուցաբերել հարուստի տղայի բացասական կերպարին: «Փորձել եմ հանել մեր մեջ տպավորված լկստված, լպիրշ ու լկտի կերպարը: Հերոսս ցոփ ու շվայտ կյանքով է ապրում, բայց իր արտահայտչամիջոցները լկտի չեն: Այդ ամենն իր ներսում է: Ավելի չար կերպար է, քան լկստված»,- ասաց նա:
Լևսն այն դերասաններից է, ովքեր քիչ են նկարահանվում սերիալներում: Ըստ նրա՝ պատճառն այն է, որ դաշտում չի տեսնում էնպիսի սերիալ, որում կարելի է նկարահանվել: «Չէի ուզում նկարահանվել 100-150 մասանոց սերիալում: «Գնված երջանկությունը» ֆիլմի պես է: Բաղկացած է 20 սերիայից, ունի ամբողջական պատմություն՝ սկիզբ, զարգացում և ավարտ: Բացի այդ, ինձ կերպարն էր հետաքրքիր: Թատրոնում խաղացել եմ նմանատիպ դերեր, բայց ֆիլմում առաջին անգամ եմ հանդես գալիս այսպիսի կերպարով»,- ասաց Լևսն ու հավելեց, որ շատ է հավանել սերիալի ռեժիսոր Հարութ Շատյանի աշխատելաոճը:
Դերասանին ոգևորել է նաև այն հանգամանքը, որ աշխատելու է պրոֆեսիոնալ դերասանների հետ. «Շատ հետաքրքիր դերասանական կազմով ենք ներկայանում: Արթուր Նալբանդյանը, Հայկ Սարգսյանը, Լուիզա Ներսիսյանը պրոֆեսիոնալ դերասաններ են, որոնց հետ աշխատանքը փորձի և պրոֆեսիոնալիզմի աճ է ենթադրում»:
Ֆիլմի անոնսը լայն քննարկումների առիթ դարձավ Լևսի և Մերիի համբույրի ու անկողնային տեսարանի պատճառով: Ըստ Լևսի՝ ֆիլմը համարձակ է թե´ կերպարների բնավորության, թե´ տեսարանների առումով, սակայն ամեն բան գեղեցիկ է նկարահանվել:
«Ինձ համար դա շատ սովորական ու նորմալ երևույթ է: Եթե կերպարը պահանջում է համբույր, հիմարություն եմ համարում, երբ ձեռքի բութ մատն են դնում և համբույրի իմիտացիա են անում, կադրը փակվում է: Չեմ կարծում, որ տարօրինակ կամ հանցավոր մի բան եմ արել: Քննարկումը, միգուցե, դերասանուհու գործոնով էր պայմանավորված, քանի որ նա ոչ մի ֆիլմում, սերիալում չէր նկարահանվել համբույրի տեսարանում»,- ասաց դերասանը: