Մոսկվա այցից հետո Էրդողանը հնարավոր է համարել Ասադի հետ համագործակցությունը
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 180 աստիճանով փոխել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նկատմամբ որդեգրած թշնամական դիրքորոշումը եւ 4 տարի շարունակ նրա հեռացումը պահանջելուց հետո առաջին անգամ հայտարարել է, որ «Ասադի հետ համագործակցությունը հնարավոր է»:
Այս մասին, հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը:
Այդ հայտարարությունն Էրդողանն արել է երկու օր առաջ Մոսկվայում մզկիթի բացման արարողության շրջանակում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած առանձնազրուցից հետո, որի ժամանակ երկու երկրների առաջնորդները երկկողմանի համագործակցության հարցերին զուգահեռ քննարկել էին Մերձավոր Արեւելքում, մասնավորապես Սիրիայում իրադրությունը կարգավորելու եւ կայունացնելու վերաբերյալ հարցեր:
Ավելի վաղ Էրդողանը հանդես էր եկել Ասադի հեռացման պնդումներով` հայտարարելով, որ «Սիրիա Ասադի հետ ոչ ոք չի տեսնում»:
Հետաքրքիր է, որ Էրդողանի` Մոսկվա կատարած այցից առաջ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ պատրաստվում են նոյեմբերին Դամասկոսի վարչակարգի դեմ պատժամիջոցներ մտցնել. սառեցնել Թուրքիայում նրանց ունեցվածքը, դադարեցնել Դամասկոսի հետ առեւտրային, տնտեսական, ռազմական, ինչպես նաեւ սիրիական բանկերի հետ համագործակցությունը: Թուրքիան Սիրիայում իր դեսպանատունը փակել էր 2012 թվականի մարտին:



