«Որբերը» սերիալի Վարդանը հիմա սահման պահող զինվոր է
LIFE«Որբերը» հեռուստասերիալում Վարդանին մարմնավորող Ջոնի Կուրղինյանը 1 տարի է, ինչ Հայոց բանակի զինվոր է: Նա ծառայում է Տավուշում՝ սահմանամերձ Բերդի գնդում: Դերասանը Հայոց բանակի օրվա կապակցությամբ հարցազրույց է տվել Tert.am Life-ին:
«Ծառայությունս շատ լավ է անցնում: Մեր գունդը պոստ է պահում»,- հպարտությամբ ասաց Ջոնին ու հավելեց, որ ծառայողական դժվարություններ չունի: Միակ և ամենամեծ դժվարությունը, որը չի կարողանում հաղթահարել կարոտն է: Նա հարազատներին վերջին անգամ տեսել է դեկտեմբերի 13-ին, երբ արձակուրդ էր եկել: Հույս ունի՝ շուտով նորից արձակուրդ գալ և տեսնել սիրելիներին:
Սահմանին լինելը հեշտ չէ, սակայն Ջոնին հպարտությամբ է պահում հայրենիքի սահմանները: «Կարևորը գիտակցես, թե ում համար ես կանգնում սահմանին: Գիտակից մարդը հասկանում է ու դժվարություն ասվածը դառնում է սովորական երևույթ: Մենք առաջին հերթին մեր հարազատների, ընտանիքի համար ենք այստեղ կանգնած: Ապրիլյան պատերազմում ընկած տղերքն էլ դրա համար ընկան: Եթե իրենք չկանգնեին սահմանին, հիմա մենք չկանգնենք, վաղը ուրիշը չկանգնի, այդ կրակոցները կլսենք մեր տներում»,- ընդգծեց դերասանը:
Սահմանին կանգնած զինվորը նշում է, որ ամենադժվար պահին էլ զինվորը մտածում է ապրելու մասին, քանի որ տանն իրենց սպասում են. «Երբ կռիվ է լինում, անկախ քեզնից ես կռիվ տալիս՝ քո ու զինակից ընկերներիդ կյանքի համար: Ապրիլի պատերազմի ժամանակ ես 3 ամսվա ծառայող էի: Պատերազմական դրության մեջ չեմ եղել, միայն այն եմ զգացել, որ եթե լինեի սահմանին, կգիտակցեի՝ ինչի համար էի այնտեղ»:
Ջոնին նշում է, որ ծառայության անցնելուց հետո շատ է փոխվել: «Ժամանակի ընթացքում զգում ես, որ շատ հարցերի այլ կերպ ես նայում: Ավելի շատ ես մտածում ինչ-որ քայլ անելուց առաջ: Փոփոխություններն անկախ քեզանից են լինում: Բանակը նաև հնարավորություն տվեց ինձ համոզվելու, որ չեմ սխալվել այն մարդկանց հարցում, որոնց դեպքում վստահ եմ եղել, որ սպասելու են ինձ»,- ասաց նա:
Խոսելով բանակային ընկերների մասին՝ Ջոնին շեշտեց, որ ձեռք է բերել հուսալի ընկերներ: «Բանակում նոր շրջապատ ես ձեռք բերում: Հիմա այստեղ ունեմ այնպիսի ընկերներ, որ ամեն պահի հաստատ գիտեմ, որ կողքիս են: Ասում են՝ բանակի ընկերը մինչև կյանքի վերջ ընկեր է մնում: Ես համամիտ եմ այդ խոսքի հետ: Եթե էստեղ մի բան ունենում ենք անելու, ամեն ինչ իրար հետ ենք որոշում ու անում»,- եզրափակեց նա: