«Բարի լույս»-ում հաղորդավարի փոփոխություն է եղել
PHOTOTert.am Life-ը գրում է
Օրեր առաջ «Արմենիա TV»-ի «Բարի լույս» հաղորդմանը որպես հաղորդավար միացավ դերասան Ավո Խալաթյանը: Այսօր առավոտյան ծրագիրը ևս մեկ նոր հաղորդավար ունի՝ Մհեր Խաչատրյանը, ով մինչև այս ներկայացել է «Արմքոմեդի» նախագծում, վարել «Երեկոյանը Երևանը», ինչպես նաև՝ որպես դերասան ներկայացել «Դոմինո» սիթքոմում: Tert.am Life-ը Մհերի հետ խոսել է նոր աշխատանքի մասին:
«Առաջարկ եղավ վարել «Բարի լույսը», համաձայնեցի, քանի որ շատ եմ սիրում ուղիղ եթեր: Այսօր առաջին եթերս էր: Ինձ համար շատ լավ անցավ, մյուսների համար՝ չգիտեմ»,- ասաց նա:
Ուղիղ եթերում ներկայանալու փորձ Մհերն ունեցել է «Երեկոյան Երևանում»: «Դադարից հետո մարզավիճակում չես լինում: Մինչև այսօր եթեր մտնելը տանն ինչ-որ բաներ փորձել եմ: Ուղիղ եթերից չեմ վախենում, պարզապես գիտակցում եմ, որ պատասխանատվության զգացումը շատ ավելի մեծ է, «դուբլի» հնարավորություն չկա: Մյուս կողմից դա օգնում է, որ ավելի հավաքված լինես՝ «դռայվն» ու ադրենալինը շատ են»,- նշեց հաղորդավարը:
Մհերի համար առաջարկը գրավիչ է եղել նաև հարցազրույցի ձևաչափի համար: «Շատ եմ սիրում հարցազրույցի ձևաչափը: Անընդհատ փորձում եմ աշխատել հենց այդ ֆորմատում: Հայաստանում կան լավ հարցազրուցավարներ, սակայն դժվար է նաև գտնել մարդկանց, ովքեր հետաքրքիր են պատասխանում հարցերին: Ես փորձում եմ մարդուն այնպես բացել, որ ինքն էլ հետաքրքիր դառնա, նույնիսկ եթե առաջին հայացքից անհետաքրքիր է: Այսօր առաջին եթերն էր, չգիտեմ՝ որքանով կարողացա բացել հուրերին: Նախորդ փորձերիցս ելնելով՝ ասում են, որ մեկ-մեկ ստացվում է»,- ասաց նա:
Մհերի գործընկերն այսօր Գայանե Ասլամազյանն էր: Նա աշխատելու է նաև Սիմա Բաղդասարյանի հետ. «Աշխատելու եմ և´ Սիմայի, և´ Գայանեի հետ: Մինչև համագործակցությունը երկուսին էլ ճանաչել եմ, իրենց հետ շատ հաճելի է: Թեթև, ուրախ ընկերական միջավայրում ենք աշխատում»: