Քաղաքապետարանին առաջարկվում է սահմանափակել Երևանի տոնի ճոխությունները և այդ գումարի մի մասը տրամադրել սահմանամերձ բնակավայրերին
ECONOMICS«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնող խումբն առաջարկ է անում Երևանի քաղաքապետարանին, որպեսզի Երևանի տոնին նվիրված միջոցառումների բյուջեի մի մասը տրամադրվի սահմանամերձ բնակավայրերին: Past.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը պատմեցին նախաձեռնողները
Խմբի ներկայացուցիչ Լևոն Զաքարյանը նշեց, որ իրենք կարևորում են Երևանի տոնը, բայց Երևանը նաև սահմանամերձ բնակավայրերի բնակիչների մայրաքաղաքն է: «Մարդիկ ասում են՝ ինչպե՞ս չանենք տոնը: Մենք տոնին դեմ չենք, մենք էլ ենք երևանցի: Մենք կողջունենք, եթե միայն հրավառության գումարը փոխանցեն Պառավաքար գյուղին: Ոչինչ չի պատահի, եթե հրավառություն չլինի»,- նշեց Լևոն Զաքարյանը՝ հավելելով, որ իրենց ասածից պետք չէ հիստերիայի մեջ ընկնել:
Ըստ նախաձեռնող խմբի անդամ Սուրեն Էյրամջյանի՝ բոլոր տոնական միջոցառումները հիմնականում անցնում են Երևանում, կարելի է նաև ուշադրություն դարձնել սահմանամերձ բնակավայրերին:
Սոֆիա Հովսեփյանն էլ ասաց. «Երևանի տոնին սովորական շապիկների, դրոշակների, գլխարկների համար այնքան գումար են ծախսում և ամեն տարի նորն են գնում, ինչո՞ւ: Կարելի է խնայողաբար մոտենալ այդ հարցին»: Ըստ նրա՝ Պառավաքարում և այլ գյուղերում կան խմելու ջրի, դպրոցի կահավորման, պաշտպանիչ պատի կառուցման և այլ խնդիրներ: Բանախոսն ընդգծեց, որ սրանք լուրջ պետական հոգածության կարիք ունեցող հարցեր են: Նախաձեռնությունն ունի նաև ֆեյսբուքյան էջ, որտեղ առավել մանրամասն կարելի է ծանոթանալ նրանց գործունեությունը: Այնտեղ ներկայացված են նաև հաշվեհամարի տվյալները, որով հնարավոր է գումար փոխանցել սահմանամերձ բնակավայրերին:
«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնող խմբի անդամներն ասացին, որ նվիրաբերվող գումարների մասին ամեն ամիս ներկայացնում են հաշվետվություններ:
Լևոն Փանոսյան