Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը՝ չեղածի հաշիվ. «Իրատես»
ECONOMICS«Ժողովուրդը լավ խոսք ունի.
«Անունը կա, ամանում չկա»։ Մենք էլ մի նախարարություն ունենք, բավականին ամպագոռգոռ անունով՝ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների, որից միայն անունն է հայտնի, իսկ թե ինչ է անում այս գերատեսչությունը, ոչ մեկը չգիտի։ Դրանում համոզվեցինք նաև օրերս։
Առաջիկայում Հայաստանը պատրաստվում է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու։ Միջազգային տնտեսական ինտեգրմամբ զբաղվող կառույցն ինչ տեսակետ ունի այս հարցում` փորձեցինք ճշտել։ Ասացին նախարարը զբաղված է, դիմեք փոխնախարարին։ Իսկ երիտասարդ փոխնախարար Մակար Ղամբարյանը, պարզվեց, շատ է զբաղված ու հարցերը գրավոր խնդրեց։ Ընդամենը երեք հարց ուղղեցինք երիտասարդին. «Առաջիկայում ԵՄ-ի հետ Հայաստանը կստորագրի շրջանակային համաձայնագիր։ Եթե այն համեմատենք ասոցացման պայմանագրի հետ, որն այդպես էլ չստորագրվեց, ի՞նչ Էական տարբերություններ կան։ Այս համաձայնագիրն ի՞նչ Է խոստանում Հայաստանի տնտեսական դաշտին։ Հայաստանի ԵԱՏՄ-ի անդամ լինելը, ըստ այդմ, ստանձնած պարտավորություններն այս համաձայնագրի համար խոչընդոտներ չեն ստեղծելու»։
Արդեն տասնհինգ օր է Մակար Ղամբարյանը «պատասխանում» է, անպատասխան են մնում մեր հեռախոսազանգերը, թե փոխնախարարը որքան է մտադիր քննել, վերլուծել, խորանալ հարցերի էության մեջ, դժվար է ասել։ Մնում է միայն հասկանալ՝ եթե մի նախարարություն կես ամիս չի կարողանում ընդամենը երեք հարցի պատասխանել, ինչո՞ւ է կառավարությունը հանդուրժում նման անգործունակ կառույցը։ Չէ՞ որ հենց վարչապետն է դեմ գործ չանող, պետության բյուջեից սնվող անիմաստ կառույցների գոյությանը։ Որքան ԵԱՏՄ-ին անդամակցությունից Հայաստանը պտուղներ քաղեց, այնքան էլ այս նախարարության գոյությունից կքաղի (այս նախարարությունը ստեղծվեց հենց ԵԱՏՄ-ին «սպասարկելու» համար)»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։