Էվա Ոսկանյանը մեղրամիսը «զոհաբերելու» և «Ուկրաինայի ձայնը» նախագծին մասնակցելու մասին
PHOTOTert.am Life–ը գրում է
«Ուկրաինայի ձայնը» նախագծի 7-րդ եթերաշրջանի կույր լսումներին ռոք-երգչուհի, դաշնակահար Էվա Ոսկանյանը, կատարելով Զեմֆիրայի «Любовь, как случайная смерть» երգը, անցնում է հաջորդ փուլ։ Նրա ելույթի ժամանակ պտտվում է մարզիչներից «Եվրատեսիլ 2016»-ի հաղթող երգչուհի Ջամալան։ Tert.am Life–ի հետ զրույցում Էվան պատմեց իր մասնակցության և հետագա անելիքների մասին։
«Մասնակցությանս միակ նպատական էր, որ ծանոթանայի «Օկեան Էլզի» ռոք-խմբի մենակատար Սվյատոսլավ Վակարչուկի հետ, որը մարզիչների կազմում էր։ Շատ եմ սիրում այդ ռոք խմբին։ Ելույթիս օրը տեղեկացա, որ նա չի լինելու։ Բայց քանի որ արդեն շատ բան էր արված, որոշեցի պարզապես ելույթ ունենալ։ Առանց մտածելու կանցնեի, թե` ոչ, քանի որ ինձ համար երկրորդային էր։ Ես բացարձակ մրցույթային մարդ չեմ։ Սա միայն ցանկություն էր ելույթ ունենալ ուկրաինական բեմում և վերջ»,– ասաց Էվան։
Վերջինս նշեց, որ նա իր ամուսնու հետ մեկնել էր Կիև մեղրամիսը վայելելու։ «Երբ գիտեինք, որ պետք է մեկնեի Կիև մասնակցելու «Ուկրաինայի ձայնը» նախագծին, ամուսնուս հետ որոշեցինք մեր մեղրամիսն էլ այնտեղ անցկացնել։ Բայց, իհարկե, ավելի շատ ժամանակ անցկացրել ենք նախագծում, քան վայելել ենք մեր մեղրամիսը»,– նշեց Էվան։
Խոսելով Ջամալայի մասին` նա ասաց. «Անսպասելի էր, որ նա պտտվեց։ Այդ ժամանակ այդքան էլ չէի պատկերացնում` հետո ինչ է լինելու։ Երբ սկսեցինք աշխատել Ջամալայի հետ, պարզվեց` նա ոչ միայն հիանալի, յուրահատուկ երգիչ է, այլ նաև` մարզիչ։ Նրանից կարող ենք շատ–շատ բաներ սովորել»։
Էվան նշեց, որ հաջորդ փուլը կլինի մոտ մարտ ամսին։ «Մեծ ոգևորությամբ չեմ տրամադրված, քանի որ գնալ–գալ անընդհատ ֆինանսի հետ է կապված։ Կարևոր նպատակը արդեն իրականացրել եմ. առաջին փուլը։ Ինչ կլինի հետագայում ինձ համար այդքան էլ էական չէ»,–եզրափակեց Էվան։