Անցկացվում է «Գեղարքունյաց ձմեռ» միջոցառումը
SOCIETYԳեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների ներգրավմամբ փետրվարի երկրորդ կեսից ընթանում են «Գեղարքունյաց ձմեռ» խորագիրը կրող զանգվածային միջոցառումները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը, միջոցառումների կազմակերպման համար անչափ նպաստավոր են ցուրտ ձմեռը եւ մարզի բոլոր տարածքներում պահպանված ձնածածկույթը:
«Ծրագրում ներառված են կշռաքարերի բարձրացում, ձգում պտտաձողի վրա, վոլեյբոլ ձյան վրա՝ լողափնյա վոլեյբոլի կանոններով, սահնակներով միմյանց տեղափոխում, սահնակների փոխանցումավազք՝ արգելքների հաղթահարմամբ, պարանի ձգում, դահուկավազք: Մրցումներին մասնակցում են միջին եւ բարձր դասարանների տղաներն ու աղջիկները: Հաղթող թիմերը, անհատներն արժանանում են պատվոգրերի կամ հուշանվերների, որոնք հանձնում են դպրոցների տնօրենները կամ համայնքների ղեկավարները: Փետրվարի 20-ի դրությամբ միջոցառումներն ավարտվել են հանրակրթական 42 դպրոցներում: Գավառի թիվ 2 եւ 8 միջնակարգ դպրոցներում միջոցառումն անցկացվել է «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության հովանավորությամբ: Միջոցառումը հովանավորվել է նաեւ քաղաքապետարանների եւ առանձին գյուղապետարանների կողմից: Միջոցառումները մարզի համայնքներում կավարտվեն փետրվարի վերջերին»,- պատմեց Գեղամ Չարվադարյանը:
«Գեղարքունյաց ձմեռ» միջոցառումը Գավառ քաղաքի թիվ 2 եւ թիվ 8 միջնակարգ դպրոցներում ավարտվել է խորհրդանշական խարույկի շուրջ կազմակերպված շուրջպարով: Հաղթողները խրախուսվել են «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության Գավառի Տարածքային զարգացման ծրագրի նվերներով:
Խոսրով Խլղաթյան
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



