Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5 տոկոսով
ECONOMICSՀայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվարին 6,5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում է գրանցվել միայն շինարարության ոլորտում:
Շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5,3 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 2017 թվականի հունվարին ցուցանիշը 13,6 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2016 թ. հունվարի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 12,1 տոկոսով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 0,2 տոկոսով:
Առեւտրի շրջանառությունն ավելացել է 9,4 տոկոսով և կազմել 128 մլրդ 759,3 մլն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը`108 միլիարդ 122,5 միլիոն դրամ, 12,2 տոկոսով ավելացել է 2016 թ. հունվարի համեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 6,2 տոկոսով (188 հազար 572 դրամ): Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2016 թ. հունվարի համեմատ աճել են 45,5 տոկոսով (358,7 մլն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումն աճել է 35,4 տոկոսով (121,5 մլն դոլար), իսկ ներմուծումը` 51,4 տոկոսով (237,2 մլն դոլար): Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվարին եղել է 486,01:
Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով: