Գրիշո Ասատրյանը նվաճում է ժողովրդական երգարվեստը
LIFEՕրերս Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ «Հայրենի երգ» ժողովրդական երգի ստուդիայի սաների հաշվետու համերգը: Գեղարվեստական ղեկավար՝ Սայաթ-Նովա աշուղական երգի անսամբլի մեներգիչ, «Ժողովրդական երգիչ» նախագծի բոլոր եթերաշրջանների գեղարվեստական ղեկավար, երգահան Մխիթար Քեթցյանը իր սաների հետ պարգևեց վայելք ժողովրդական երգի սիրահարներին:
Վլադիլեն Բալյանի ու Շերամի երգացանկի երկրպագուները երանությամբ ըմբոշխնում էին բոլոր կատարումները: Երիտասարդ երգիչները պատիվ ունեին ելույթ ունենալ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի նվագակցությամբ` գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր,ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյան: Համերգային երեկոն կատարյալ էր:
Դահլիճը ալեկոծվող ծովի էր նմանվում մանավանդ, երբ հայտարարվում էր 13-ամյա երգիչ Գրիշո Ասատրյանի անունը: Ամենափոքր մասնակցի ելույթի ընթացքում և ավարտին դահլիճը թնդում էր ծափերից (Օրերս Գրիշոյի կատարումները կլինեն համացանցում):
Պատանի երգչի հաջողությունները ոչ միայն ժառանգական էին, այլև Մխիթար Քեթցյանի աշխատանքի արդյունք էր և նա սիրով արտահայտվեց.
Գրիշոն աստվածատուր տաղանդով օժտված երեխա է, խելացի, իր տարիքից հասուն է, արտակարգ զգում է ժողովրդական երգը, նա նաև փայլուն երաժշտական լսողություն ունեցող երաժիշտ է, (ջութակահար) միանշանակ վստահ եմ փառահեղ ապագա է նրան սպասվում:
-Ռիսկային չէ՞ր նրան վստահել Շերամի «Դու իմ մուսան ես» երգը, ամեն դեպքում երեխա է:
30 տարի երգարվեստի մեջ եմ, բոլոր հիմքերն ունեի, զգացել էի, որ կկարողանա լիարժեք ներկայացնել:
-Դուք նրա մեջ սերմանում եք սեր դեպի ժողովրդական - ազգային երգը, հնարավոր է նրա մոտ այնպիսի ճաշակ ձևավորվի, զարգանա, որ հետագայում էլ մնա այդ ժանրում:
Ես շատ եմ ուզում այդպես լինի ու չեմ թողնելու որևէ դեպքում շեղվի: Շատ հաճախ երկար զրույց եմ ունեցել նրա հայրիկի` Արտաշ Ասատրյանի հետ, ով ամեն կերպ համաձայն է ինձ հետ և տա Աստված, որ մենք տարիներ հետո գանձի պես այդ երեխային տեսնենք ժողողովրդական երգի բարձունքում:
Ի դեպ լեփ լեցուն դահլիճում ներկա էին հայտնի անձնավորություններ ի դեմս ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի: