Անհաջող վերջնամաս Դորտմունդի «Բորուսիայի» համար, Օբամեյանգը թարմացրեց ռեկորդը
SPORTԳերմանական Բունդեսլիգայի 7-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» 2:2 հաշվով ավարտեց «Դարմշտադտի» դեմ տնային խաղը՝ հաղթանակը բաց թողնելով վերջին րոպեին:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր, սակայն Թոմաս Տուխելի թիմն անհաջող անցկացրեց առաջին խաղակեսը: Դորտմունդցիները խաղի մեկնարկից ունեին նկատելի տարածքային առավելություն, բայց ընդմիջման գնացին հաշվի մեջ հետապնդողի դերում: Երկրորդ խաղակեսում գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգ 8 րոպեում դարձավ դուբլի հեղինակ՝ առաջ մղելով «Բորուսիային», որը չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը եւ գոլ բաց թողեց վերջին րոպեին: Հենրիխ Մխիթարյանը խաղաց առանց փոխարինման:
26-ամյա Օբամեյանգը թարմացրեց սեփական ռեկորդը՝ դառնալով առաջին ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դառնում Բունդեսլիգայի մեկնարկային 7 տուրերի բոլոր խաղերում: Գերմանիայի ընթացիկ առաջնությունում գաբոնցին խփել է 9 գոլ եւ մեկ գնդակ է զիջում ռմբարկուների ցուցակը գլխավորող Ռոբերտ Լեւանդովսկուն:
Դորտմունդի թիմը 1 միավոր առաջ անցավ երրորդ տեղում գտնվող «Շալկեից» եւ 4 միավոր զիջում է առաջատար Մյունխենի «Բավարիային», որն ունի 100 տոկոսանոց ցուցանիշ:
Գերմանիայի առաջնություն, 7-րդ տուր
«Բորուսիա Դ.» - «Դարմշտադտ»՝ 2:2
Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 63, 71 – Մարսել Հելեր, 17, Այտաց Սուլու, 90
«Այնտրախտ» - «Հերտա»՝ 1:1
Ալեքսանդր Մեյեր, 22 – Վլադիմիր Դարիդա, 82