Ադրբեջանում դոլար-մանաթ փոխարժեքի վերաբերյալ կանխատեսում է կատարել Fitch-ը
SOCIETYFitch միջազգային վարկանիշային գործակալության կանխատեսմամբ` մինչև 2019-ի վերջը Ադրբեջանում ԱՄՆ դոլար-մանաթ միջին փոխարժեքը լինելու է 1,89 մանաթ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:
Գործակալությունը հաշվետվության մեջ 3 տարվա կտրվածքով ներկայացրել է նաև համաշխարհային շուկայում Brent տիպի նավթի միջին տարեկան արժեքները:
Fitch-ի կանխատեսմամբ 2017-ին նավթի միջին արժեքը մեկ բարելի համար լինելու է 45, 2018-ին ` 55, իսկ 2019-ին` 60 դոլար:
Fitch վարկանիշային գործակալությունը վերջին անգամ Ադրբեջանի երկարաժամկետ վարկային վարկանիշի վերաբերյալ ուսումնասիրություն էր կատարել նախորդ տարվա փետրվարին, ըստ որի` այդ երկրի արտարժույթով երկարաժամկետ վարկային վարկանիշը «BBB» մակարդակից իջեցվել էր «BB+» մակարդակի, իսկ վարկանիշի վերաբերյալ գնահատականը եղել էր բացասական:
Գործակալությունը նշել էր, որ Ադրբեջանում առկա այդ բացասական պատկերը պայմանավորված է նավթի գների անկմամբ:
Ներկայումս Ադրբեջանում դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը 1,7475 մանաթ է:
Մի շարք ադրբեջանական հետազոտողներ ընթացիկ տարում ադրբեջանական մանաթի՝ դոլարի նկատմամբ փոխարժեքը կանխատեսում են 2,20-2,50 մանաթի սահմանում:



