Գերփոքր ու փոքր բիզնեսին հարկային «արձակուրդ» տալու ծրագիրը կնպաստի տնտեսության զարգացմանը
ECONOMICSՇիրակի մարզը գյուղատնտեսական է, ու մարզի տնտեսական զարգացման գերակա խնդիր պետք է դիտել նախ գյուղատնտեսությունն, ապա՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ու փոքր ձեռներեցության զարգացումը: Զբոսաշրջությունը ևս մարզի զարգացման գրավականն է:
Այս մասին մարտի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի Հանրապետական Կուսակցության կողմից վարկանիշային ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամսոն Դավոյանը։
«Մարզը գյուղատնտեսական մարզ կարելի է համարել: Ամբողջ աշխարհում գնահատվում է մաքուր միրգն ու բանջարեղենը, մենք պետք է մաքուր սննդամթերքի վերարտադրություն կատարենք: Օգտվելով ամբողջ աշխարում եղած գնային խզումից՝ պետք է արտադրենք ու արտահանենք այն, ինչ ունենք: ՏՏ ոլորտի պահանջարկը ևս մեծ է: Մենք կարող են ինչպես լավ բիզնեսմեններ, այնպես էլ ՏՏ ոլորտի լավ մասնագտներ դառնալ, պետք է միայն համապատասխան միջավայր ձևավորել: Կրթությունն ու գիտությունը կարող են նպաստել տնտեսության զարգացմանը՝ կրթական մակարդակով շատ դեպքերում առջևում ենք, փոքր՝ ստարտ-ափ բիզնեսները ևս կնպաստեն տնտեսության զարգացմանը»,-իր խոսքում նշեց Սամսոն Դավոյանը՝ հավատացնելով, որ ԱԺ հայտնվելու դեպքում իր տարիների մասնագիտական փորձը կնպաստի սոցիալ-տնտեսական ծրագրերը օրենսդիր մարմնին ներկայացնելուն:
Հանդիպման ընթացքում մասնակիցներին բազմափորձ տնտեսագետը ներկայացրեց նաև ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը, դրա ուղղման հնարավոր միջոցները, աշխատաշուկայում եղած խնդիրները, ինչպես նաև կառավարության՝ Շիրակի մարզում կատարվելիք ներդրումային ծրագրերը։
«Ես առաջարկում եմ գերփոքր ու փոքր բիզնեսին տալ հարկային «արձակուրդ» 3 տարով, որը կազմում է մեր հարկային մուտքերի հարաբերության 1,2 տոկոսը, եթե այն փոխադրենք խոշոր ու միջին բիզնեսին, ապա 3 տարի յուրաքանչյուր քաղաքացի կարող է զբաղվել բիզնեսի այն ճյուղով, որը նախընտրում է: Սա հնարավորություն կտա հանրապետության տարբեր տարածքներում, տարբեր բիզնես կենտրոններ ստեղծել, և շատ արագ մենք կունենք տնտեսական աճ, գործազրկությունն էլ կկրճատվի, իսկ ամենակարևորը՝ մարդկանց եկամտաբերությունը կավելանա»,-նշեց Սամսոն Դավոյանը:
Խոսելով ընդհանրապես նախընտրական խոստումները ընտրություններից հետո կյանքի կոչելու մասին՝ Սամսոն Դավոյանը փաստեց, որ առաջին անգամ չէ, որ ինքը մասնակցում է ընտրապայքարին՝ 1991 թվականին ևս մասնակցել է ու շատ քիչ ձայներով է հետ մնացել առաջատարից: Խոստում տալ ու չկատարել իր պրակտիկայում չի եղել՝ վստահեցնում է թեկնածուն՝. ամեն ինչ հիմնավորված է թվերով ու փաստերով: Ինչ վերաբերում է շատերի կողմից ՀՀԿ-ին չվստահելուն, Սամսոն Դավոյանը դա բոլոր երկներում էլ իշխանություններին մեղադրելու տարբերակի վերագրեց:
«Բոլոր երկրներում էլ՝ անկախ զարգացվածության մակարդակից, խիստ քննադատելի է իշխող կուսակցությունը: Միշտ էլ հեշտ է քննադատելը: Ճիշտ է, գտնում եմ, որ մեր կուսակցությունն ունեցել է բացթողումներ ու թերություններ, որոնք կարելի են վերացնել»,-հավելեց թեկնածուն:
Արմենուհի Մխոյան