«Ֆուլ հաուսի» նոր տաղավարն ու զարգացումները. այն ամենը, ինչ մնում է կադրից դուրս
PHOTOTert.am Life–ը գրում է.
Տաթևն ու Ֆելոն, վերջապես, միասին են, Արսենն ու Լիկան՝ բաժանված, Սերգեյ–Տամարա–Մուշեղ եռյակի հարաբերություններն ավելի բարդ են... մարտի 13–ին «Արմենիա TV»–ի եթերում կմեկնարկի «Ֆուլ հաուս» սիթքոմի 6–րդ եթերաշրջանը։ Ստեղծագործական թիմը խոստանում է անսպասելի ու հետաքրքիր զարգացումներով եթերաշրջան, որը չի զիջի նախորդներին։ Tert.am Life–ը եղել է նկարահանման հրապարակում և ներկայացնում է այն, ինչ սովորաբար մնում է կադրից դուրս։
Նոր եթերաշրջանում «Ֆուլ հաուսը» կունենա նոր տաղավար՝ ավելացել է Տամարայի տան հյուրասենյակը, որը ևս ներկայացված է ֆոտոշարքում։ Այս անգամ ֆուլհաուսցիների շարքերը համալրել են դերասանուհի Թամարա Պետրոսյանն ու երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը։
Սիթքոմի սցենարի համահեղինակ և դերասան Գրիգոր Դանիելյանը նշեց, որ ամեն ինչ անում են, որպեսզի իրենց հավատարիմ հեռուստադիտողները չհիասթափվեն, ավելին՝ ձեռք բերեն նոր լսարան։
«Ամեն նոր եթերաշրջանում մեզ համար ավելի է դժվարանում հետաքրքիր ձևով ներկայանալ, սակայն այս անգամ ևս հետաքրքիր զարգացումներ կան։ Հետաքրքիր քայլեր ենք մտածել, մեզ են միացել նոր լավ դերասաններ։ Հեռուստադիտողների համար լինեն սպասված պատմություններ, միաժամանակ, անսպասելի զարգացումներ, որոնց մասին չէին էլ պատկերացնի։ Շատ հետաքրքիր հանգուցալուծումներ են լինելու, գլոբալ բացահայտումներ»,– ասաց Գրիգորը։
Անի Երանյանն էլ նկատեց, որ իր և Գոռ Հակոբյանի կերպարների՝ Տաթևի և Ֆելոյի սիրավեպը նոր հետաքրքրություն է բերել։ «Այնքանով է հետաքրքիր, որ այս սեզոնում Տաթևի և Ֆելոյի կերպարները միասին են, կոնֆլիկտ կա Լիկայի և Արսենի կերպարների միջև։ Կա նաև նոր կերպար՝ Սևակը, ով Լիկայի ընկերն է։ Մուշեղ–Տամարա–Սերգեյ եռյակն էլ է հետաքրքիր զարգացումներ ունենում։ Կարծում եմ ՝ լրիվ տարբերվող եթերաշրջան է լինելու, ինչպես նախորդները»,– ասաց դերասանուհին ու հավելեց, որ որպես հեռուստադիտող՝ իրեն հետաքրքիր է «Ֆուլ հաուսը»։
«Սա չեմ ասում, որովհետև մերն է, իսկապես այդպես է։ Ես միշտ թերագնահատում եմ այն, ինչն իմն է, սակայն կարծում եմ՝ «Ֆուլ հաուսը» բավականին հաջողված է»,– ավելացրեց Անին։
Գոռ Հակոբյանն էլ նշեց, որ իրենց ստեղծագործական թիմը միշտ աշխատում է, որպեսզի յուրաքանչյուր նոր եթերաշրջանը թե՛ սցենարային, թե՛ դերասանական խաղի առումով գերազանցի նախորդին։ «Փորձում ենք զարգացնել ամեն ինչը։ Այս սեզոնը լինելու ավելի լավը, քան 5–րդն է, ինչպես և միշտ է եղել։ Այս սեզոնում Ֆելիքսն ու Տաթևը միասին են, ինչը կոնկրետ ինձ համար առավելություն է։ Մեր կերպարային գծերը հետաքրքիր զարգացումներ են ունենում»,– ասաց նա։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարը՝ Կարեն Հովհաննիսյանի