Ֆինանսների նախարարությունը տեղեկատվություն է տրամադրել նոր սերնդի ՀԴՄ-ների գների տարբերությունը վերահաշվարկելու վերաբերյալ
ECONOMICSՄինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող այն հարկ վճարողները, ովքեր մինչև ՀՀ կառավարության 2014թ. հուլիսի 3-ի N662-Ն որոշման ընդունումը նոր սերնդի ՀԴՄ-ները ձեռք են բերել 150 000 դրամով, սակայն պետք է ձեռք բերեին ՀՀ կառավարության 2014թ. հուլիսի 3-ի N662-Ն որոշմամբ սահմանված գներով, կարող են դիմել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ` գների տարբերությունը վերահաշվարկելու և այն ստանալու համար:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՀՀ կառավարության 2014թ. հուլիսի 3-ի N662-Ն որոշման համաձայն, 2013 թվականի արդյունքներով 30.0 մլն դրամից մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռք բերման գին է սահմանվել առավելագույնը 150.000 դրամ, 10.0 մլն դրամից մինչև 30.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռք բերման գին է սահմանվել առավելագույնը 120.000 դրամ, 5.0 մլն դրամից մինչև 10.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռք բերման գին է սահմանվել առավելագույնը 80.000 դրամ, մինչև 5.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռք բերման գին է սահմանվել առավելագույնը 60.000 դրամ:
Միաժամանակ, գյուղերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող վերոնշյալ հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների իրացման գին է սահմանվել նշված գների 50 տոկոսը, իսկ սահմանամերձ գյուղերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողներին նոր սերնդի ՀԴՄ-ները տրամադրվում են անվճար: