Մերին, Էդգարը և Լիլիթը՝ «Քավարան» քրեական դրամայում խաղալու մասին
PHOTO«Յուքոմ» ցանցում հեռարձակվող «Արմենիա Պրեմիումի» եթերում այսօր` մարտի 6-ին կմեկնարկի 20 մասից բաղկացած «Քավարան» քրեական դրաման, որի մասին Tert.am Life–ը պատմել էր իր ընթերցողներին։
Սարսափ, թրիլլեր ժանրերին բնորոշ տարրերով ֆիլմի հերոսները օրիգինալ առաջարկ են ստանում տուրիստական գործակալությունից` անցկացնել «հենդ-մեյդ» Ամանոր «Դադիձոր»–ում։ Ստանալով արտասովոր և գրավիչ առաջարկ` բոլորը շտապում են «Դադիձոր»։ Հանգստանալու մեկնողներից ոչ ոք չի պատկերացնում, թե ինչ է սպասվում իրեն, ինչ սարսափի ու մղձավանջի միջով է անցնելու։
Քրեական դրամայում խաղում են Էդգար Սարգսյանը, Շուշան Երիցյանը, Մերի Հակոբյանը, Լիլիթ Հարոյանը, Կառլոս Մուրադյանը, Իրինա Հարությունյանը, Արթուր Պետրոսյանը, Սերգեյ Թովմասյանը, Վահե Զիրոյանը, Սամվել Փիլոյանը, Գրիգոր Բաղդասարյանը և այլք։
Tert.am Life–ը դերասանների հետ զրուցել է իրենց կերպարների մասին։
Էդգար Սարգսյան
Մարմնավորում եմ Մոսոյի կերպարը, որը երկու գլխավոր հերոսներից մեկն է։ Մյուս գլխավոր հերոսը իր կուրսեցին է՝ Քրիստը։ Մոսոն մարզիկ է՝ բարի, գրագետ և հավատարիմ ընկեր է։ Բնակվում և աշխատում է Շվեյցարիայում։ Միշտ ընկերոջ կողքին է և օգնում է ամեն հարցում։ Հայտնվելով փոսում`փորձում է ընկերոջը հետ պահել փորձանքից։ Փակագծերը չեմ բացի, թե ինչպես է հանգուցալուծվում պատմությունը։
Շատ ուրախ եմ, որ հրավեր եմ ստացել խաղալ այս ֆիլմում։ Եթե նույնիսկ կերպարս լիներ երկրորդական, երրորդական, սիրով կխաղայի։
Մերի Հակոբյան
Կերպարիս անունը Էվելինա է։ Կրկին բացասական կերպար եմ մարմնավորում։ Էվելինան երբեք դժվարություններ չի տեսել իր կյանքում։ Փոսում նա անսպասելի իրավիճակում է հայտնվում, պայմանները ստիպում են իրեն փոխվել։
Ֆիլմի ժանրը բոլորի համար նորություն է և հետաքրքիր։ Երբ կարդում եմ սցենարը, ակամայից ուզում եմ անցնել հաջորդ մասին, որ իմանամ՝ ինչ է լինելու։
Լիլիթ Հարոյան
Կերպարիս անունը Կատերինա է։ Նա և՛ բացասական, և՛ դրական կերպար է։ Ես իրեն ավելի շատ դրական տեսանկյունից եմ դիտում։ Նա Էվելինայի ընկերուհին է։ Ավելի թույլ կերպար է, քան Էվելինան։ Երկու ընկերուհիներն էլ վախկոտ են։ Կատերինան հարուստի աղջիկ է ու երբեք աշխատելու խնդիր չի ունեցել, բամբակի մեջ է մեծացել։ Թե ինչ պատմությունների միջով են անցնում երկու ընկերուհիները, չեմ մանրամասնի։
Թրիլլեր ժանրի ֆիլմում խաղալն ինձ համար շատ հետաքրքիր է։ Միշտ կատակերգական սիթքոմներում եմ խաղացել։ Բարդ է խաղալ մի ֆիլմում, որտեղ պետք է ամեն մի խոսքդ ապրես` ցույց տալով էմոցիաներդ։