Մեր երկրում ամեն տարի չի ծնվում մոտավորապես 1,400 աղջիկ. Գոռ Պետրոսյանի մարտի 8-յան շնորհավորանքը
PHOTOՀաղորդավար, ռեժիսոր Գոռ Պետրոսյանը, կանանց միջազգային օրվա կապակցությամբ, Life.panorama.am-ին պատմել է, թե ինչ նվերներ է ընտրել իր կյանքի չորս կանանց համար.
«Մերին անակնկալներ չի սիրում, նրան պետք է նախապես ասես, թե ինչ ես ուզում նվիրել, ուստի ինքս, դա հաշվի առնելով, նվեր ընտրել եմ՝ խորհրդակցելով իր հետ: Ավելին՝ նվերները միասին ենք գնել: Մերին անհամեստ կերպով հարստացրեց իր զգեստապահարանը եւ նույն տրամաբանությամբ նաեւ մայրս ու երկու աղջիկներս: Շատ «շորային» մարտի 8 է ստացվել մեզ մոտ: Դե իսկ երեկոյան ես ու Մերին տոնական օրը կշարունակենք երեւանյան ակումբներից մեկում` կլսենք լավ երաժշտություն ու հաճելի ժամանակ կանցկացնենք»,- պատմեց Գոռը:
Գոռ Պետրոսյանը, բոլոր կանանց ու աղջիկներին իր շնորհավորանքը հղելիս, հեռու գտնվեց ծեծված խոսքերից: Նա արտահայտվելց դիպուկ եւ շատ արդիական խնդրի՝ մեր երկրում կանանց չգնահատելու մասին:
«Հայ կանանց ես չեմ մաղթի չխամրող գեղեցկություն, չեմ մաղթի սեր, երջանկություն... դրանք զուտ բառեր են, որոնք ստիպում են մոռանալ օրվա իրական նշանակությունը: Մենք ապրում ենք մի երկրում, ուր կանայք ամեն քայլափոխի կարծրատիպերի զոհ են դառնում՝ կնոջ տեղը խոհանոցն է, կինը չի կարող պատասխանատու պաշտոններ զբաղեցնել, որովհետև պակաս խելացի է, քան տղամարդը: Ավելին՝ մեր երկրում կանայք նույն աշխատանքի դիմաց ավելի քիչ են վարձատրվում, քան տղամարդիկ. դա էլ կարծրատիպի հետեւանք է, քանի որ մեզանում արմատացած է այն միտքը, թե տուն պահողը տղամարդն է: Մենք ասում ենք, որ հայ տղամարդու վերաբերմունքը կնոջ նկատմամբ ուրիշ է՝ մենք մայր, քույր, կին, դուստր մեծարել, հարգել ու սիրել գիտենք: Ասում ենք ու դրդում, որ կանայք ազատվեն իրենց դեռ չծնված աղջիկներից, զուտ այն պատճառով, որ աղջիկ են, ու այդպես մեր երկրում ամեն տարի չի ծնվում մոտավորապես 1,400 աղջիկ: Իսկ հիմա բարեմաղթանքս: Սիրելի կանայք, ամեն օր ու ժամ հիշե՛ք ու կրկնե՛ք, որ դուք գեղեցիկ եք, խելացի, որ արժանի եք դրսևորել ձեր ներուժը և ընդունակությունները, նվաճել բարձունքներ ու աշխարհն ավելի լավը դարձնել»,- նշեց մեր զրուցակիցը: